Սիցիլիայի ափերի մոտ հայտնաբերել են 2 հազար տարի առաջ խորտակված հռոմեական նավ՝ հարյուրավոր ամֆորաներով

Սիցիլիայի ափերի մոտ հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի խորտակված նավ, որի հատակին գտնվում են հարյուրավոր ամֆորաներ, հաղորդում է Euronews-ը։

Ենթադրաբար մ.թ.ա. II–I դարերով թվագրվող նավը հայտնաբերվել է Մաձարա-դել-Վալլոյի ափից մոտ 5 կմ հեռավորության վրա՝ 46 մետր խորության մեջ։

Իտալիայի մշակույթի նախարարության տվյալներով, ծովի հատակին պահպանվել են հարյուրավոր ամֆորաներ, հիմնականում Dressel 1A տիպի, երկու կապարե խարիսխների ձողեր, ինչպես նաև կապարից պատրաստված ևս մեկ կառուցվածք։

Իտալիայի մշակույթի նախարար Ալեսանդրո Ջուլին գտածոն անվանել է վերջին տարիների ստորջրյա հնագիտական ամենակարևոր բացահայտումներից մեկը։

«Ծովը շարունակում է մեզ վերադարձնել մեր պատմության անգնահատելի բեկորները, իսկ Մաձարա-դել-Վալլոյի մոտ խորտակված նավը պատմում է մարդկանց, երթուղիների և առևտրի մասին, որոնք Միջերկրական ծովը դարձրեցին քաղաքակրթությունների խաչմերուկ», — հայտարարել է Ջուլին։

Նա շնորհակալություն է հայտնել կարաբինիերներին, մասնագիտացված ստորաբաժանումներին և Սիցիլիայի տարածաշրջանի Ծովի պահպանության վարչությանը, որոնք մասնակցել են նավի հայտնաբերմանը։

Գտածոն հայտնաբերվել է համատեղ ստուգման ընթացքում, որն իրականացրել են Պալերմոյում մշակութային ժառանգության պահպանության կարաբինիերների ստորաբաժանումը, Սիցիլիայի տարածաշրջանի Ծովի պահպանության վարչությունը և Մեսինայում կարաբինիերների ստորջրյա ստորաբաժանումը՝ Տրապանիում պարեկային կատերի աջակցությամբ։ Ստուգման պատճառը մասնավոր անձանց հաղորդումն էր։

Այժմ նավաբեկության վայրը կդառնա հետագա փաստաթղթավորման և ուսումնասիրությունների օբյեկտ։ Մասնագետները մտադիր են վերականգնել գտածոյի հնագիտական համատեքստը և որոշել դրա պահպանման համար անհրաժեշտ միջոցները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *