Մինսկի քաղաքային դատարանը հեռակա կարգով «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի հիմնադիր Սերգեյ Միխալոկին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վիրավորելու և թշնամանք հրահրելու մեղադրանքներով, հաղորդում է երկրի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Երաժիշտը մեղավոր է ճանաչվել պետության ղեկավարին «անպարկեշտ ձևով» հրապարակայնորեն վիրավորելու և սոցիալական պատկանելության հատկանիշով թշնամանք հրահրելու մասին հոդվածներով։
Դատախազության վարկածով՝ 2021–2022 թվականներին Միխալոկը համացանցում հրապարակել է Բելառուսի նախագահի հասցեին քննադատական արտահայտություններով տեսագրություններ, որոնք իշխանությունները գնահատել են որպես վիրավորական։ Բացի դրանից, 2022 թվականի մարտին նա հրապարակել է մի տեսանյութ, որը, ինչպես պնդում է գերատեսչությունը, պարունակել է իրավապահ մարմինների աշխատակիցների և զինծառայողների նկատմամբ թշնամանք հրահրելու հատկանիշներ։
Դատավճիռը ենթակա է բողոքարկվման։
Սերգեյ Միխալոկը «Լյապիս Տրուբեցկոյ» խումբը հիմնադրել է 1999 թվականին։ Խումբը դադարել է գոյություն ունենալ 2014 թվականին, որից հետո հայտնվել են Trubetskoy և Brutto նախագծերը։ Բելառուսում խումբն իշխանությունների կողմից արգելվածների ցուցակում է՝ երկրի ղեկավարությանը քննադատելու համար։ Այժմ Միխալոկը բնակվում է Ուկրաինայում։