Մշակվել է թունավոր կեղտաջրերը արժեքավոր մետաղների աղբյուրի վերածելու եղանակ

Ռայսի համալսարանի և Վանդերբիլթի համալսարանի հետազոտողները մշակել են տեխնոլոգիա, որը միաժամանակ մաքրում է արդյունաբերական կեղտաջրերը աղերից և ծանր մետաղներից, ինչպես նաև դրանցից առանձնացնում է մաքուր մետաղներ, որոնք պիտանի են կրկնակի օգտագործման համար, գրում է Interesting Engineering-ը։

Նոր էլեկտրաքիմիական համակարգը երկու խնդիրն էլ լուծում է մեկ փուլով, ինչը կարող է դառնալ մաքրման գոյություն ունեցող մեթոդների ավելի արդյունավետ այլընտրանք։

Այսօր էլեկտրոնային արդյունաբերության և մետալուրգիայի ձեռնարկությունները միաժամանակ բախվում են երկու խնդրի․ դրանց կեղտաջրերը պարունակում են լուծված աղերի և թունավոր ծանր մետաղների բարձր խտություններ։

Սովորաբար աղը հեռացնելու համար օգտագործվում է հակադարձ օսմոսի տեխնոլոգիան, որից հետո մնում է խտացված աղային լուծույթ, իսկ մետաղների առանձնացման համար կիրառվում են քիմիական ռեագենտներ, որոնք առաջացնում են վտանգավոր թափոններ։

Մշակված տեխնոլոգիան օգտագործում է էլեկտրաքիմիական իոնային պոմպավորում։ Հատուկ էլեկտրոդները լուծված իոնները աղտոտված ջրից տեղափոխում են առանձին հոսքի մեջ՝ հնարավորություն տալով միաժամանակ մաքրել ջուրը և առանձնացնել ծանր մետաղները։

Մշակողների խոսքով՝ նոր համակարգը նաև վերացնում է նմանատիպ տեխնոլոգիաների հիմնական թերություններից մեկը։ Նախկինում գործընթացը պետք էր պարբերաբար կանգնեցնել՝ կուտակման և իոնների առանձնացման ցիկլերի միջև աշխատանքային լուծույթները փոխարինելու համար։ Այժմ մաքրումը կարող է իրականացվել անընդհատ, ինչը մեթոդը դարձնում է ավելի հարմար և տնտեսապես շահավետ արդյունաբերական կիրառման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *