Շոտլանդիայում մի քանի դարերի ընթացքում առաջին անգամ չի կայանա հյուսիսային սուլաների ձագերի ավանդական որսը հեռավոր Սուլա-Սգեյր կղզում, հայտնում է AFP-ն։
Իշխանությունները հրաժարվել են թռչունների որսի թույլտվություն տրամադրել՝ նրանց պոպուլյացիայի վիճակի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
«Men of Ness» որսորդական խումբը թույլտվություն էր խնդրել մինչև 2 հազար երիտասարդ սուլա բռնելու համար։ Սակայն Շոտլանդիայի բնապահպանական գործակալությունը՝ NatureScot-ը, հայտարարել է, որ, վերջին գիտական տվյալների համաձայն, 2026 թվականին որսը կարող է բացասաբար ազդել թռչունների թվաքանակի վրա։
Ավանդույթը, որը հայտնի է որպես գուգայի որս (Guga Hunt), առաջին անգամ գրանցվել է 1549 թվականին։ Ամեն տարի խմբի մասնակիցները մոտ 64 կմ էին անցնում ալեկոծ ծովով, որպեսզի հասնեն Շոտլանդիայի հյուսիս-արևմտյան ափերի մոտ գտնվող անմարդաբնակ կղզուն։
Որսի ընթացքում սուլաների ձագերին հատուկ ձողերի օգնությամբ վերցնում էին ժայռերից, ապա մորթում և աղով մշակում։ Թռչունների միսը, որը հայտնի է որպես «գուգա», ավանդաբար երկար էին եփում և մատուցում կարտոֆիլի հետ։
NatureScot-ը նշել է, որ որսը վաղուց բողոքների պատճառ է դառնում կենդանիների պաշտպանների կողմից։ Սակայն ներկայիս արգելքը կապված չէ միայն հասարակական ճնշման հետ․ սուլաների պոպուլյացիան լրջորեն տուժել է 2021–2023 թվականներին թռչնագրիպի բռնկման ժամանակ թռչունների զանգվածային անկման պատճառով։
Տեղի բնակիչները ցավով են ընդունել իշխանությունների որոշումը։ Նրանց խոսքով՝ այս պրակտիկան գոյություն ունի շուրջ 400 տարի և միշտ համարվել է կայուն ավանդույթ։
Պատմականորեն վայրի թռչունների միսը Շոտլանդիայի հեռավոր ու խիստ շրջանների բնակիչների համար եղել է սննդի կարևոր աղբյուր։ Բացի սուլաներից, տեղի բնակիչները նաև հավաքում էին ձվեր և օգտագործում այլ ծովային թռչունների ճարպը։