«Տղու ծնունդն էր, տնից դուրս գալուց հետո խանութում մահացած են գտել». մանրամասներ առեղծվածային դեպքից

«Բոնուս» սուպերմարկետների ցանցի  գլխավոր տնօրեն 59–ամյա Անդրանիկի մահվան դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2.30–ի սահմաններում։ Նրա մարմինը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Անդրանիկի հետ աշխատած Դերենիկ Սարգսյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Երբ տղաս ասեց դեպքի մասին, ամբողջ մարմինս դող ընկավ։ Էդ մարդու հետ այսքան երկար աշխատել եմ, խելքո անձնավորություն էր, ի՞նչ եղավ, որ իրեն խփեց։ Ես չիմացա՝ ինքն է իրեն խփել, թե՞ էլի մարդ է եղել հետը, ոնց է եղել, վեճ է եղել, էդ արդեն չգիտեմ։ Ասում են՝ տղու ծնունդն է եղել։ Կերել–խմել են իրենց համար, հետո տղեն տեսել է, որ հերը տանը չի։ Եկել են, այստեղ են գտել։ Կանչել են, թե ինքն է վեր կացել, եկել, թե ոնց է եղել, դա կպարզվի։ Իր հետ ընկերությունն էլ եմ արել, գործի մեջ տարել եմ խանութներով։ Նորմալ անձնավորություն էր, ընտանիքն էլ նորմալ է։ Սիրտս լցվում է, ինքը կռվարար անձնավորություն չէր։

16–17 խանութ ունեին, թե ինչ պարտքեր են ունեցել, ես չգիտեմ։ Այս խանութները իր աներոջինն է»,–ասաց նա։

Մեկ այլ հարևան էլ նշեց, որ շատ մեծ պարտքեր ունեին, բոլոր 17 խանութներն էլ փակել էին. «Շատ խաթրաշահ մարդ էր։ Ուղղակի զարմանալի է, որ էդ տեսակ լավ մարդկանց հետ նման դժբախտություն է պատահում։ Իր հայրն էլ լավ մարդ էր, մահացել է։ Հետո կինը մահացավ, հիմա էլ ասում են ինքը ինքնասպան է եղել»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա։

Մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից էր, և  գլխավոր տնօրենն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *