Համաշխարհային ռեկորդ․ 18-ամյա պրոֆեսորը գերազանցել է ավելի քան 300 տարի պահպանված նվաճումը

Ամերիկացի Նաթան Թոմասը, որը քոլեջում ուսումը սկսել է 10 տարեկանում, պաշտոնապես ճանաչվել է քոլեջի պատմության ամենաերիտասարդ պրոֆեսորը։ Ինչպես հայտնել է Guinness World Records-ը, նա քոլեջում դասավանդել սկսել է 18 տարեկան և 346 օրական հասակում։

2023 թվականի օգոստոսին Թոմասը աշխատանքի է անցել Մայամի-Դեյդ քոլեջում (Ֆլորիդա նահանգ), որտեղ վարում է առցանց դասընթացներ։ Այդ ժամանակ նա դեռ 19 տարեկան էլ չէր, ինչը նրան թույլ տվեց սահմանել նոր համաշխարհային ռեկորդ։

Տղամարդկանց նախորդ ռեկորդը պատկանում էր շոտլանդացի մաթեմատիկոս Քոլին Մաքլորենին, որը պրոֆեսոր էր դարձել 19 տարեկանում՝ ավելի քան 300 տարի առաջ։

Թոմասը նաև 16 օրով ավելի երիտասարդ է եղել, քան ամերիկացի Ալիա Սաբուրը, որը 2008 թվականին դարձել էր ամենաերիտասարդ կին պրոֆեսորը։

Թոմասը իր ակադեմիական ուղին սկսել է անսովոր վաղ․ 10 տարեկանում նա միաժամանակ ընդունվել է Մայամի-Դեյդ քոլեջ, իսկ 14 տարեկանում տեղափոխվել է Ֆլորիդայի միջազգային համալսարան։ 18 տարեկանում նա արդեն ստացել էր էլեկտրատեխնիկայի մագիստրոսի աստիճան։

Այժմ Թոմասը համատեղում է դասավանդումը Մայամիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսման հետ։ Նա ստանում է իրավաբանական դոկտորի աստիճան և ծրագրում է մասնագիտանալ գիտության և տեխնոլոգիաների հետ կապված մտավոր սեփականության իրավունքով։

Թոմասի խոսքով՝ ինժեներական կրթությունը նրան սովորեցրել է համակարգված կերպով վերլուծել բարդ խնդիրները, և այս մոտեցումն այժմ օգնում է նրան նաև իրավունքի ուսումնասիրման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *