Շնաձկները ճանաչում են իրենց հարազատներին և սիրում են ժամանակ անցկացնել նրանց հետ. հետազոտությունը զարմացրել է կենսաբաններին

Ցուլ շնաձկները կարող են ճանաչել իրենց հարազատներին և ավելի հաճախ ժամանակ անցկացնել հենց նրանց հետ։ Այս եզրակացությանն են եկել գիտնականները, որոնք վեց տարի հետևել են այս գիշատիչների պոպուլյացիային Ֆիջիի Շարկ-Ռիֆ ծովային արգելոցում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ecology and Evolution ամսագրում։

Էքսեթերի համալսարանի, Fiji Shark Lab-ի և Լանկասթերի համալսարանի հետազոտողները համադրել են կենդանիների գենետիկական տվյալները նրանց վարքագծի բազմամյա դիտարկումների հետ։ Պարզվել է, որ շնաձկների մեծ մասը միմյանց հետ մոտ ազգակցական կապի մեջ չէ, սակայն այնուամենայնիվ հավանականությունը, որ երկու ազգակից առանձնյակներ միասին կմնան, ավելի բարձր է, քան ոչ ազգակիցների դեպքում։

Հետազոտության հեղինակները ներմուծել են «kinfluence» տերմինը՝ kin («ազգակցություն») և influence («ազդեցություն») բառերի համադրությունը, որպեսզի նկարագրեն ընտանեկան կապերի ազդեցությունը շնաձկների սոցիալական վարքագծի վրա։

Գիտնականները սոցիալական կապերը գնահատել են երկու չափանիշով՝ որքան հաճախ էին շնաձկները գտնվում միմյանց մոտ և որքան հաճախ էին ցուցադրում համատեղ վարքագիծ՝ լողում էին զուգահեռ, հետևում էին միմյանց կամ համաժամանակյա միանում մեկ այլ առանձնյակի շարժմանը։

Ազգակցության ազդեցությունը հատկապես նկատելի է եղել արուների շրջանում։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ հետազոտողները արդեն պարզել էին, որ շնաձկների համար շփման գործընկեր ընտրելիս ավելի մեծ նշանակություն ունեն սեռը, տարիքը և մարմնի չափը։ Ազգակցական կապերը դարձան ևս մեկ գործոն, որը որոշում է նրանց սոցիալական կյանքը։

Հետազոտության առաջատար հեղինակ Նատաշա Մարոսիի խոսքով՝ նախկինում ոչ ոք չէր նկատել, որ հասուն շնաձկները նման նախընտրություն ունեն հարազատների հետ ժամանակ անցկացնելու հարցում։

Հետազոտողները ենթադրում են, որ շնաձկները սովորում են ճանաչել իրենց ցեղակիցներին դեռ վաղ տարիքում, երբ եղբայրները, քույրերը և մյուս հարազատները միասին մեծանում են գետերում և գետաբերաններում, իսկ հետո կարողանում են ճանաչել նրանց նաև հասուն տարիքում։

Հեղինակները նշում են, որ ընտանեկան կապերի դերը կարող է նույնիսկ ավելի նշանակալի լինել, սակայն այն ուսումնասիրելը դժվար է։ Շատ երիտասարդ շնաձկներ սատկում են ափամերձ ջրերում անօրինական ձկնորսության պատճառով, ուստի միայն հարազատների փոքր մասն է հասնում հասուն տարիքի։

Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները փոխում են շնաձկների մասին պատկերացումը՝ որպես բացառապես միայնակ գիշատիչների, և ցույց են տալիս, որ նրանց սոցիալական վարքագիծը զգալիորեն ավելի բարդ է, քան նախկինում էր համարվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *