Գիտնականներն առաջին անգամ վերծանել են կետերի երգերի և նրանց ջրի տակ սուզվելու կապը

Գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են, որ կուզավոր կետերի արուների երգի կառուցվածքն անմիջականորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես են նրանք սուզվում ջրի տակ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ երգի տարբեր հատվածներ համապատասխանում են սուզման որոշակի փուլերին՝ իջնելուն, խորության վրա գտնվելուն և մակերես բարձրանալուն։ Աշխատանքը հրապարակվել է Current Biology ամսագրում։

Սիրակուզի համալսարանի հետազոտողները վեց տարի շարունակ հետևել են 16 արու կուզավոր կետերի՝ Մաուի կղզու (Հավայներ) ափերի մոտ։ Կենդանիների վրա ծծիչների օգնությամբ ամրացվել են գրանցող սարքեր, որոնք միաժամանակ արձանագրել են նրանց շարժումներն ու ձայնարտադրությունը։

Պարզվել է, որ որոշ կետեր կարող էին երգել գրեթե առանց ընդմիջման մինչև 16 ժամ։ Ընդ որում, առանձին երաժշտական «թեմաներ» անփոփոխ համընկել են սուզման որոշակի փուլի հետ․ ոմանք հնչել են իջնելու ժամանակ, մյուսները՝ առավելագույն խորության վրա, երրորդները՝ վեր բարձրանալու ընթացքում։

Հետազոտողների խոսքով՝ սա առաջին ապացույցն է այն բանի, որ կետերի երգերը ենթարկվում են ոչ միայն սոցիալական կամ զուգավորման ազդանշաններին, այլև օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններին։

Երգերի ամենամեծ բազմազանությունը նկատվել է առավելագույն խորության վրա, որտեղ կետերը բարձր ջրի ճնշման պայմաններում պահպանում են կայուն դիրք։ Գիտնականները կարծում են, որ հենց այստեղ արուները կարող են պոտենցիալ զուգընկերուհիներին և մրցակիցներին ցուցադրել իրենց ֆիզիկական վիճակը, դիմացկունությունն ու թոքերի ծավալը։

Իսկ վեր բարձրանալու և իջնելու ժամանակ, հակառակը, երգի կառուցվածքն ավելի միատեսակ էր։ Հավանաբար, դա կապված է լողունակությունը վերահսկելու և թթվածինը տնտեսող ծախսելու անհրաժեշտության հետ։

Հեղինակները նշում են, որ բացահայտումը կօգնի ավելի լավ հասկանալ կետերի վարքը և նույնիսկ միայն ակուստիկ տվյալներով որոշել նրանց սուզման խորությունը։ Սա հնարավորություն կտա ավելի արդյունավետ հետևել նավագնացության և ստորջրյա աղմուկի ազդեցությանը ծովային կաթնասունների վրա և կատարելագործել դրանց պահպանության միջոցառումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *