Ռեսուրսը սպառված է, ՌԴ-ն հակազդեցություն է գտել ՆԱՏՕ-ի գրեթե ողջ սպառազինության դեմ․ Զալուժնի

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին պարզաբանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Զալուժնին հավաստիացրել է, որ Դաշինքի կողմնակիցն է, սակայն այդ դաշինքը պետք է տրանսֆորմացիայի ենթարկվի։

Նրա խոսքով՝ «եթե նայենք քաղաքական տեսանկյունից, ՆԱՏՕ-ի՝ որպես հին աշխարհը պահպանող դաշինքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են առաջանում»։

«Տեղի է ունենում գիտատեխնիկական առաջընթաց։ 2026 թվականին Ուկրաինան կիրառել է ՆԱՏՕ-ի զինանոցում եղած սպառազինության գրեթե բոլոր տեսակները, բացառությամբ թերևս «Տոմահավկների», միջուկային զենքի, ավիակիրների ու F-35-երի, ինչպես նաև օգտագործել դրանց կիրառման դոկտրինները։ Սակայն այդ ռեսուրսը սպառվել է, քանի որ Ռուսաստանը գտել է այս ամենի դեմ հակազդելու ձևը», — պարզաբանել է Զալուժնին։

Բացատրելով իր տեսակետը՝ նա ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի դոկտրինում, իսկ մենք տեխնոլոգիապես առջևում ենք»։

«Գիտատեխնիկական առաջընթացն ու ընթացող պատերազմն Ուկրաինայի զինված ուժերին որակապես այլ մակարդակի են հասցրել։ Ուստի ՆԱՏՕ-ին այլ բան չի մնում, քան անցնել լրիվ նոր չափանիշների՝ ձևավորելով բոլորովին նոր դոկտրին․ ահա այդ ժամանակ էլ Դաշինքը պատրաստ կլինի ընդունել Ուկրաինային։ Ես արդեն նշել եմ, որ մեզ անհրաժեշտ է սկզբունքորեն նոր ուժային դաշինք՝ ամենայն հավանականությամբ եվրոպական տարածաշրջանային հենքով։ Բոլորովին նոր կառույց», — ընդգծել է գեներալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *