Իսրայելի ոստիկանությունը և Ընդհանուր անվտանգության ծառայությունը (ՇԱԲԱԿ) հայտնել են Աշկելոնի երկու բնակչի ձերբակալության մասին, որոնց կասկածում են կրիպտոարժույթի դիմաց իրանական հետախուզության համար առաջադրանքներ կատարելու մեջ, հայտնում է The Times of Israel-ը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Իսրայելի քաղաքացի Թամերլան Ամշուկովին և Ուկրաինայի քաղաքացի Ալինա Կուշնիրկոյին անցյալ ամիս ձերբակալել է ոստիկանության միջազգային հետաքննությունների ստորաբաժանման և առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի «Լահավ 433» բաժինը։ Հինգշաբթի նրանց մեղադրանք է առաջադրվել Թել Ավիվի շրջանային դատարանում։
Ըստ քննության վարկածի՝ Ամշուկովը մի քանի ամիս կապ է պահպանել իրանցի գործակալի հետ և ստացել մի քանի հազար շեկել՝ բարձր թույլատրությամբ տեսախցիկով հեռախոս գնելու համար։ Դրա միջոցով նա, ինչպես պնդվում է, լուսանկարել է «զգայուն օբյեկտներ», որոնց թվում՝ Էյլաթի նավահանգիստը, ինչպես նաև Երուսաղեմի Հերցլ լեռան վրայի զինվորական գերեզմանատունն ու թանգարանը։
Ոստիկանությունում հայտարարել են, որ լուսանկարները արվել են իրանցի գործակալի «ցուցումով և նրա անունից»։ Որոշ առաջադրանքներ, ինչպես պնդվում է, կատարել են երկու կասկածյալներն էլ, սակայն մանրամասները չեն հստակեցվում։
Իրավապահ մարմինները չեն հայտնել, թե կոնկրետ ինչ գումար են ստացել ձերբակալվածները և ինչ եղանակով են կապ պահպանել ենթադրյալ համակարգողի հետ։
Վերջին ամիսներին Իսրայելում տասնյակ մարդիկ են ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով։ Իշխանությունների տվյալներով՝ նրանցից շատերը առաջադրանքներ էին ստանում Telegram մեսենջերի միջոցով և վարձատրություն՝ մի քանի հարյուր դոլարի չափով։
Սովորաբար նման գործերը սկսվում էին փոքր հանձնարարություններից՝ գրություններ անելուց, գույքը վնասելուց կամ օբյեկտներ լուսանկարելուց, սակայն որոշ հետաքննություններ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, ներառում էին նաև գործող կամ նախկին իսրայելցի պաշտոնյաների վրա հարձակումներ նախապատրաստելու կասկածներ։