Կամերունի նախագահ Պոլ Բիան հինգշաբթի լրացրեց երկրից բացակայելու երկամսյա ժամկետը, ինչը նոր հարցեր է առաջացրել նրա առողջական վիճակի վերաբերյալ և մտահոգություններ՝ պետությունում իշխանական հնարավոր վակուումի շուրջ, հաղորդում է Associated Press-ը։
93-ամյա Բիան, որը համարվում է աշխարհի ամենատարեց գործող նախագահը, ղեկավարում է Կամերունը 1982 թվականից։ Նոյեմբերին նա սկսեց իր ութերորդ ժամկետը՝ հոկտեմբերին անցկացված ընտրություններում հաղթելուց հետո, որոնց արդյունքներն ընդդիմությունը վիճարկում էր։
Պետության ղեկավարը Կամերունը լքել է հունիսի 7-ին։ Նրա վարչակազմում հայտարարել էին, որ խոսքը «Եվրոպայում կարճատև մասնավոր այցով գտնվելու» մասին է, սակայն այդ ուղևորությունը դարձել է նրա կառավարման ամբողջ ընթացքում ամենաերկարներից մեկը։
Բիայի առողջական վիճակը երկար տարիներ մնում է շահարկումների առարկա՝ Եվրոպա, դրանց թվում՝ Ֆրանսիա և Շվեյցարիա, նրա կանոնավոր երկարատև ուղևորությունների պատճառով։ Նախագահի բացակայության շրջանում երկրի կառավարումը հաճախ իրականացնում են նրա կուսակցության ներկայացուցիչներն ու ընտանիքի անդամները։
Կամերունի սահմանադրությունն ուղղակիորեն չի արգելում նախագահին երկար ժամանակ գտնվել երկրի սահմաններից դուրս։ Սակայն երկրում փոխնախագահի պաշտոն չկա, իսկ իրավահաջորդ նշանակելու լիազորությունը մնում է ամբողջությամբ հենց Բիայի ձեռքում։ Ընդդիմությունը հայտարարում է, որ պետությունը փաստացի «ավտոպիլոտով» է աշխատում։
Ընդդիմության առաջնորդ Իսա Տչիրոմա Բակին, որը նոյեմբերյան ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը և նախկինում եղել էր Բիայի դաշնակիցը, հայտարարել է, որ երկրում լայնորեն տարածված է նախագահի առողջական խնդիրների վերաբերյալ կարծիքը։
«Բիայի Շվեյցարիայում չափազանց երկար գտնվելը միայն խորացնում է լեգիտիմության ճգնաժամը և իշխանությունը ուժով պահելու նրա հուսահատ փորձերը»,- ասել է նա։
Բիայի գրեթե կեսդարյա կառավարման ընթացքում երկիրը բախվել է մի շարք լուրջ խնդիրների, դրանց թվում՝ հյուսիսում «Բոկո Հարամ» խմբավորման հետ զինված դիմակայությանը, արևմտյան շրջաններում անջատողական հակամարտությանը և տնտեսական դժվարություններին։
Դշանգի համալսարանի միջազգային և հանրային իրավունքի պրոֆեսոր Վիլսոն Տամֆուն Կամերունում ստեղծված իրավիճակը համեմատել է մի օրգանիզմի հետ, որը «ծանր հիվանդ է»։
«Նույնիսկ եթե Բիան իր տարիքում դեռևս ուժ է ցուցադրում, ակնհայտ է, որ առողջական խնդիրներն ազդում են նրա ղեկավարելու վրա։ Վերջին 15 տարիներին կառավարությունում կատարված վերադասավորումները հիմնականում հանգել են նույն մարդկանց մեկ նախարարությունից մյուսը տեղափոխելուն»,- հայտարարել է փորձագետը։
Բիայի վերընտրվելը 2025 թվականին ուղեկցվել է զանգվածային բողոքի ակցիաներով, որոնց ընթացքում, ըստ լրատվամիջոցների, զոհվել է առնվազն չորս մարդ։ Դա դարձել է երկրի հիմնականում երիտասարդ բնակչության և 93-ամյա առաջնորդի միջև առկա լարվածության արտացոլումը։
Երկուշաբթի Բիան փոփոխություններ է կատարել բարձրագույն ռազմական ղեկավարության կազմում՝ փոխելով երկրի հինգ միացյալ ռազմական շրջաններից չորսի հրամանատարներին և բարձրացնելով մի շարք սպաների պաշտոնները։ Որոշումների պաշտոնական պատճառները չեն հաղորդվել։
Բիան իշխանության է եկել Կամերունի առաջին նախագահ Ահմադու Ահիջոյի հրաժարականից հետո, որը զբաղեցրել էր այդ պաշտոնը 1960-1982 թվականներին։ 2008 թվականին սահմանադրական փոփոխություններով վերացվել էին նախագահական ժամկետների քանակի սահմանափակումները։
Մոտ 30 միլիոն բնակչություն ունեցող Կամերունի բնակչության ավելի քան 70%-ը 35 տարեկանից փոքր է։ Եթե Բիան ավարտի ներկայիս ժամկետը, նա պաշտոնը կլքի գրեթե 100 տարեկան հասակում։