«Հրապարակ». Հերթը հասավ Վանաձորի թատրոնին

Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը նոր շենք կունենա` գործող հին շենքի տեղում: Քաղաքաշինության կոմիտեն դեռ նախորդ տարի նախագծի մշակման հետ կապված խորհրդատվություն է պատվիրել «Արմստրոյ» ընկերությանը: Պետական գնումների կայքից տեղեկանում ենք, որ պայմանագիրն արդեն ստորագրված է, ծառայության համար պետական միջոցներից 39 միլիոն դրամ է վճարվել: «Արմստրոյ»-ի նախագիծը, սակայն, միանշանակ չի ընդունվում Վանաձորում: Համայնքապետարանում կազմակերպված հանրային լսումների ժամանակ թատրոնի աշխատակիցներն ու ակտիվ վանաձորցիները հաստատված նախագծի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել:

«Արմստրոյ»-ն իր նախագծով առաջարկում է պահպանել շենքի հին ճակատը ու դրան տալ նոր լուծումներ։ Խոստանում են պահպանել թատրոնի գլխավոր մուտքը՝ իր սյունաշարով ու եռանկյունաձեւ ծածկով։ Թե ինչքանով այս լուծումը կհամադրի հին ու նոր արժեքները. հարցեր է առաջացրել ոչ միայն թատրոնի աշխատակիցների, այլեւ ավագանու անդամների շրջանում։ Նոր շենքը, ըստ նախագծի, կունենա երկու՝ մեծ ու փոքր դահլիճ: Պտտվող բեմ, գրիմանոցներ, հանդերձարաններ, հանգստի սենյակներ։ Ճարտարապետները՝ թարմ լուծումների, քաղաքացիները կոնկրետ շինարարական մտահոգությունների մասին են խոսում։

Ավագանու անդամները հիշեցնում են՝ թատրոնի հարակից հրապարակն արդեն նորոգվել է՝ սալիկապատվել, լուսավորություն տեղադրվել։ Սակայն դեռ չի էլ սկսվել շինարարությունը, որի վրա պետական ու համայնքային միջոցներից ծախսվել է շուրջ 162 միլիոն դրամ։ Եթե շենքը քանդվում է՝ այդ ներդրումը վտանգի տակ չէ՞ արդյոք։

Թատրոնից մեզ պատմեցին, որ դերասանական կազմին անակնկալի են բերել` ընդամենը ժամեր առաջ են ասել, որ պետք է թատրոնի շենքն ազատել ու հեռանալ: Մենք տեղեկացանք, որ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն անգամ չի զրուցել թատրոնի դերասանների հետ եւ նրանց չի տեղեկացրել, որ թատրոնից պետք է դուրս գան: Չնայած դրան՝ տնօրենը, պարզվեց, չգիտի էլ, թե երբ շինաշխատանքները կավարտվեն: «Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ տեղյակ չէ, թե երբ թատրոնի նոր շենքը պատրաստ կլինի. «Քաղշինից կարող են այդ հարցին պատասխանել, որովհետեւ նրանք կարող են միայն ասել այդ մասին: Մենք չունենք պաշտոնական հրահանգավորում եւ առայժմ հավաքվում ենք»: Նա ասաց, որ դերասանական կազմը շարունակելու է աշխատել եւ ստանալ աշխատավարձ, թատրոնը ժամանակավորապես գործելու է Վանաձորի մշակույթի պալատում: Տնօրենը նաեւ ասաց, որ դերասանները՝ բոլորը, տեղյակ են եղել, որ թատրոնի շենքի նախագիծը պատրաստ է, եւ պետք է ժամանակավորապես լքեն տարածքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *