Եթե մոտ ժամանակում Ուկրաինայում հանրաքվե անցկացվեր՝ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով, ապա անդամակցությանը կողմ կքվեարկեր քաղաքացիների 69,2%-ը, վկայում են SOCIS սոցիոլոգիական խմբի հարցման արդյունքները, հաղորդում է «Европейская правда»-ն։
ԵՄ-ին անդամակցելու դեմ կարտահայտվեր հարցվածների 22,2%-ը, ևս 8,7%-ը չէր մասնակցի քվեարկությանը կամ չէր կողմնորոշվի պատասխանի հարցում։
Միաժամանակ, եվրաինտեգրմանն աջակցության մակարդակն ավելի ցածր է եղել, քան նախորդ մի շարք հարցումներում, սակայն չի հասել վերջին երկու տարվա նվազագույն ցուցանիշներին։
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի դեպքում դրական պատասխան կտար հարցվածների 61,2%-ը, դեմ կարտահայտվեր 29,5%-ը։ Եվս 9,4% հարցման մասնակիցներ չէին մասնակցի քվեարկությանը կամ չէին կողմնորոշվի։
ՆԱՏՕ-ին անդամակցությանն աջակցությունը փոքր-ինչ աճել է SOCIS-ի նախորդ երկու ուսումնասիրությունների համեմատ, սակայն երկարաժամկետ հեռանկարում նույնպես նվազման միտում է նկատվում։
Հարցումն անցկացվել է 2026 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը՝ 2000 մարդու շրջանում։ Հետազոտության սխալի սահմանը կազմում է մինչև 2,6%։
Ավելի վաղ Rating Group-ի հունիսյան հարցումը ցույց էր տվել աջակցության ավելի բարձր մակարդակ․ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը հավանություն էր տալիս հարցվածների 79%-ը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ 63%-ը։
Միաժամանակ, Լեհաստանում հուլիսյան ուսումնասիրությունը ցույց է տվել, որ լեհերի ավելի քան կեսը դեմ է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելուն։