Ադրբեջանցիները բացահայտում են Տոկաևի՝ Հայաստան այցի իրական պատճառները

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգոտստոսի 4-ին հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ վերանշանակվելու առթիվ: Փաշինյանն էլ առիթը բաց չի թողել ու Տոկաևին հրավիրել է Հայաստան, վերջինս հրավերը չի մերժել: «Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին»,- ասվում էր տարածված հաղորդագրության մեջ:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական Minval.az-ի հեղինակներից Ֆահրի Ակիֆօղլուն կարծում է, որ Փաշինյանը հույս ունի ստանալ Ղազախստանի աջակցությունը ԵԱՏՄ-ում՝ Ռուսաստանի հետ վատթարացած հարաբերությունների ֆոնին, քանի որ այդ վատթարացման պատճառով ՀՀ գյուղատնտեսությունը ծանր վիճակում է հայտնվել:

Հեղինակը, սակայն, մատնանշում է նաև այլ կարևոր նպատակներ, որ կարող են Ղազախստանի ու Հայաստանի իշխանություններին մի գծի վրա դնել: Ղազախստանի նախագահի այցը Հայաստան այն ժամանակ է տեղի ունենում, երբ այս տարածաշրջանում վերաիմաստավորվում է տրանսպորտային ու տնտեսական շահերի տրամաբանությունն ու բովանդակությունը, գրում է նա: Ղազախստանի համար դա նոր ճանապարհ է՝ այսպես կոչված Միջին միջանցքում կարևորագույն դեր խաղացողի դիրքն ամրագրելու համար: Գաղտնիք չի, որ վերջին շրջանում, այսպես կոչված, Միջին միանցքը Եւրոպայի ու Ասիայի միջև առևտրաշրջանառության կարևորագույն ու առանցքային միջանցք դառնալու հավակնություն ունի, իսկ Ղազախստանը հենց այդ գործընթացների կենտրոնում է գտնվում՝ կարծում է ադրբեջանցի փորձագետը: Հենց Ղազախստանի տարածքով են անցնելու բեռնափոխադրումների մի մասը, դրա համար էլ Աստանան ակտիվորեն ներդրումներ է կատարում Կասպից ծովի նավահանգիստներում, երկաթգծերի զարգացման և լոգիստիկ տերմինալների վրա: Ակիֆօղլուն եզրակացնում է, որ փաստացի Աստանան է որոշում այս մարշրուտի զարգացման ուղղությունները:

Հենց այս համակարգի մի մաս է դառնում ու ներդրվում այստեղ նաև, այսպես կոչված, «Թրամփի ուղին», գրում է ադրբեջանցի քարոզիչն ու հավելում, որ այն եվրասիական տրանսպորտային ու լոսգիստիկ շղթայի կարևոր մի ակյունաքար դառնալու հեռանկար ունի: «Եվ այս իմաստով TRIPP-ը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև բազմամյա ենթակառուցվածքային մեկուսացումից դուրս գալու հնարավորություն կարող է լինել: Այնինչ, նման ծրագրերում մասնակցությունը պահանջում է աշխատող և պատրաստի ենթակառուցվածքներ: Հենց այստեղ է, որ Երևանը բախվում է գլխավոր խնդրին: Երկաթգծի հաղորդակցություն ունենալու համար պետք է ավարտել 42 կիլոմետրանոց տարածքը հայկական հատվածում: Առաջին հայացքից թվում է, թե տարածքը բավականին փոքր է, սակայն հենց այդ փոքրիկ հատվածն է այսօր մնում միակ խոչընդոտը՝ միասնական տրանսպորտային գծի ձևավորման համար: Այնինչ, Ադրբեջանի համար այս հարցում որևէ խնդիր չկա: Ինչպես ավելի վաղ թուրքական CNN TÜRK -ին հայտնել է ԱԼիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ ավարտել է նախագծի իր մասով պարտավորվածությունը: Վերջինս հավելել է նաև, որ Թուրքիան շարունակում է Կարսից սկսվող նոր երկաթգծի շինարարությունը, իսկ Հայաստանը ԱՄՆ-ի հետ համատեղ իր ուսերին է վերցրել 42 կիլոմետրանոց հատվածը: Այդ պատճառով էլ այս նախագծի կյանքի կոչումը մեծ մասով կախված է հենց հայկական կողմից»,- շեշտում է ադրբեջանցի փորձագետը:

Եւ հենց այստեղ է, որ ադրբեջանցի փորձագետը հիշեցնում է Հարավ-կովկասյան երկաթուղիների մասին, որոնք գտնվում են «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման տակ: Ակիֆօղլուն նկատում է, որ այդ փոքրիկ հատվածի կառուցումը մեկ բան է, սակայն կարևոր հարցն այն է, թե ով է վերահսկելու այդ ենթակառուցվածքը:

Նա գրում է.«Մոսկվայի հետ փոխհարաբերությունների սառեցումից հետո Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հասկացնում էր, որ երկաթուղու նմանատիպ գործունեությունը կարող է վերանայվել: Վերահսկողությունն իրականացնող կողմի փոփոխության կոնտեքստում հիշեցվել է նաև Ղազախստանի անունը, ինչը այն ժամանակ ավելի շատ հնչում էր որպես քաղաքական հայտարարություն: Հիմա այդ հայտարարությւոնները ձեռք են բերել ավելի գործնական բնույթ: Ղազախստանի համար նման նախագծում մասնակցությունը շատ տրամաբանական կլիներ: Աստանան վաղուց փորձում է ոչ միայն կարևոր դեր խաղալ տրանզիտ տարածքում, այլև վերահսկել հնարավորինս շատ լոգիստիկ հանգույցներ: Նման մոտեցումը թույլ է տալիս կախյալ վիճակում չլինել միայն տրանզիտային եկամուտներից, այլ վերածվել Արևելքի և Արևմուտքի միջև լիարժեք փոխադրողի: Հետևաբար, հայկական երկաթուղում ղազախստանցի գործընկերոջ հայտնվելն այս ռազմավարության մեջ շատ բնական կերպով կդրսևորվեր: Եվ հենց այս որոշումը կարող է շատ զգայուն լինել Մոսկվայի համար, չէ որ երկաթուղային ոլորտը հենց այն կարևորագույն ու ռազմավարական ոլորտն է, որտեղ ռուսական կողմը շարունակում է ունենալ մեծ ազդեցություն: Սակայն այստեղ աչքի է զարնում մեկ այլ հետաքրքիր հանգամանք: Չնայած Երևանի ու Մոսկվայի միջև փոխհարաբերություններն այնքան էլ բարեկամական չեն, բայց Հայաստանի իշխանությունները փորձում են շատ չգրգռել Ռուսաստանին: Եվ հենց այս պատճառով է Ղազախստանի ընտրությունը ոչ պատահական, քանի որ Ղազախստանը պահպանում է աշխատանքային փոխհարաբերությունները Մոսկվայի հետ, ԵԱՏՄ անդամ է, միաժամանակ զարգացնում է իր փոխհարաբերություննեը Չինաստանի, Եւրամիության և կենտրոնական Ասիայի այլ պետությունների հետ: Այսինքն, այս հանգամանքները հաշվի առնելով Ղազախստանի մասնակցությունը դժվար կլինի համարել հակառուսական քայլ: Ավելի շուտ, կարող է խոսք գնալ հենց եվրասիական համակարգում տնտեսական դերերի վերաբաշխման մասին»:

Վերադառնալով Ղազախստանի նախագահի՝ Հայաստան այցին, ադրբեջանցի հեղինակը գրում է, որ պաշտոնական հաղորդագրություն չկա, արդյոք երկաթուղու հարցը քննարկվելու է այդ այցի ընթացքում, թե ոչ, սակայն ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչը պարտադրում է, որպեսզի այդ 42 կիլոմետրանոց երկաթուղային ճանապարհի կառուցումը հնարավորինս արագացվի, հիմք է տալիս Ակիֆօղլուին ենթադրել, որ այնուամենայնիվ, երկու երկրների ղեկավարներն այդ հարցն անպայման կքննարկեն: Հետևաբար, պետք է գիտակցել, որ Տոկաևի այցը Հայաստան շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան ընդամենը երկու պետությունների եկավարների հանդիպում: Եթե տարնսպորտային օրակարգը դառնա բանակցությունների հիմք, ապա դա կնշանակի, որ Հայաստանը դատարկ հայտարարություններից անցնում է գործնական քայլերի՝ նոր եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում:

Հետաքրքիր է, որ Տոկաևի ու Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը մեկ օր անց Ադրբեջանում հանդիպել են Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտային հանգույցների նախարար Ռաշիդ Նաբիևը և Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ասել Ժանասովայը, քննարկել են Միջին միջանցքի եւ Ադրբեջանի ու Ղազախստանի միջև տրանսպորտային, լոգիստիկ և թվային ենթառուցվածքների հարցերը… Պատահա՞կան են արդյոք այս համընկնումները: Դժվար թե:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *