Պենտագոնը 400 միլիոն դոլարով անօդաչուների դեմ պայքարի լազերային համակարգեր կգնի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ամերիկյան AeroVironment ընկերության հետ կնքել է առաջին պայմանագիրը՝ անօդաչու սարքերի դեմ պայքարի համար նախատեսված Locust լազերային համալիրների մատակարարման նպատակով։ Համաձայնագրի արժեքը կազմում է 400 միլիոն դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Պենտագոնը մտադիր է ձեռք բերել նման տասնյակ կայանքներ՝ ձգտելով ուժեղացնել պաշտպանությունն անօդաչու թռչող սարքերից, որոնք ավելի ու ավելի հաճախ են կիրառվում ժամանակակից զինված հակամարտություններում։ Գնման որոշումն ընդունվել է՝ չնայած համակարգի փորձարկումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին։

Հունվարին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հավանություն է տվել գաղտնի Locust լազերային համալիրի փոխանցմանը ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությանը՝ Թեքսաս նահանգի Էլ Պասո քաղաքում տեղակայված Ֆորտ Բլիսի բազայում շահագործելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը, փետրվարին ամերիկացի սահմանապահները լազերային զենքի օգնությամբ ոչնչացրել էին մի քանի օդային փուչիկներ՝ դրանք սխալմամբ ընդունելով անօդաչուների տեղ, որոնք, ըստ ամենայնի, օգտագործել էին թմրավաճառները։ Միջադեպից հետո Էլ Պասոյի և Նյու Մեքսիկո նահանգի հարավի մեծ մասի օդային տարածքը ժամանակավորապես փակվել էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *