Գերմանիայում չորս ամսով փակել են ճանապարհը՝ դոդոշների համար թունելներ կառուցելու նպատակով

Գերմանական Բիլեֆելդ քաղաքում (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային երկրամաս) չորս ամսով փակել են ճանապարհի մի հատված, որպեսզի դոդոշների, գորտերի և տրիտոնների համար ստորգետնյա անցումներ կառուցեն։ Դրա մասին գրում է Bild պարբերականը։

Խոսքը Դորնբերգեր-շտրասե փողոցի մոտ 700 մետր երկարությամբ հատվածի մասին է, որը հուլիսի 27-ից ամբողջությամբ փակվել է ավտոմոբիլային երթևեկության համար։ Դրա պատճառով հազարավոր վարորդներ ստիպված են շրջանցել փակ հատվածը՝ իրենց երթուղին մոտ 14 կիլոմետրով երկարացնելով։ Ճանապարհին ծախսվող լրացուցիչ ժամանակը հասնում է 25 րոպեի։

Որոշումը դժգոհություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Նրանց պատմելով՝ ծնողներն այժմ ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել դպրոցներ և մանկապարտեզներ հասնելու ճանապարհին, իսկ ձեռնարկատերերը մտավախություն ունեն տրանսպորտային սահմանափակումների պատճառով լրացուցիչ ծախսերի առնչությամբ։

Ինչպես նշում է պարբերականը, երկար տարիներ գարնանը կամավորները ձեռքով երկկենցաղներին տեղափոխում էին ճանապարհի մյուս կողմը նրանց սեզոնային միգրացիայի ընթացքում։ Այժմ իշխանությունները որոշել են կենդանիների համար 12 հատուկ ստորգետնյա թունել կառուցել։ Հենց այդ աշխատանքների պատճառով ճանապարհի վերանորոգման ժամկետը նախապես նախատեսված երկու շաբաթից երկարացվել է մինչև չորս ամիս։

Ի պատասխան՝ բնակիչները Դոդոշներ՝ երեխաների փոխարեն» վերնագրով ստորագրահավաք են կազմակերպել՝ կոչ անելով նախ ավարտել ճանապարհի վերանորոգումը, իսկ երկկենցաղների համար անցումների կառուցումը տեղափոխել ավելի ուշ ժամկետի։

Bild-ի տվյալներով՝ հատվածի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,7 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, երկկենցաղների համար թունելների կառուցման ծախսերն առանձին չեն բացահայտվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *