
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում պատերազմի կամ լարվածության սրման, սակայն պահպանում է ինքնապաշտպանության իրավունքը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներից հարձակումների դեպքում։
Իրանի առաջնորդի խոսքով՝ տարածաշրջանային լարվածությունը կարող է լուծվել, երբ դադարեն Իսլամական Հանրապետության դեմ արտաքին ճնշումներն ու սպառնալիքները։ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը մտադիր է նույն կերպ արձագանքել Վաշինգտոնի գործողություններին։
Նախագահը նաև առաջին անգամ բացահայտել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձախողված համաձայնագրի մանրամասները։ Նրա խոսքով՝ փաստաթղթի հիմնական դրույթները, ըստ էության, համաձայնեցված էին, և դրա լեգիտիմությունը բարձրացնելու համար սպասվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ստորագրությունը։ Սակայն, 24 ժամից էլ պակաս ժամանակ անց բանակցություններում իրավիճակը փոխվել է, և համաձայնություն ձեռք չի բերվել։
Փեզեշքիանը նաև հերքել է կառավարության և զինվորականների միջև անհամաձայնությունների, կառավարության ներսում պառակտման կամ հնարավոր հրաժարականի մասին հաղորդագրությունները։
Նրա խոսքով, Իրանը նախընտրում է իր իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինել բանակցությունների միջոցով, քան շարունակել ռազմական դիմակայությունը։