CNN․ Թուրքիայի և Պակիստանի հետ Սաուդյան Արաբիայի պայմանագիրը կարող է ընդլայնել Իրանի հետ պատերազմը

Սաուդյան Արաբիան ապահովել է մահմեդական աշխարհի երկու խոշորագույն ռազմական տերությունների աջակցությունը, այն պայմաններում, երբ Իրանի հետ պատերազմը մոտենում է թագավորության սահմաններին, հաղորդել է CNN հեռուստաալիքը։

Ուրբաթ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը Մեքքայում ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, որը նախատեսում է հավաքական պատասխան երեք երկրներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում։

Պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկի վրա հարձակումը «կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա»։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ համաձայնագիրը կոչված է «ուժեղացնելու ագրեսիայի ցանկացած գործողության հավաքական զսպումը» և ընդլայնելու երեք երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Էր Ռիյադի համար այս պայմանագիրը ստեղծում է անվտանգության լրացուցիչ մակարդակ՝ ԱՄՆ-ի հետ երկարամյա գործընկերությունից դուրս, այն ֆոնին, երբ տարածաշրջանում աճում են կասկածները, թե Վաշինգտոնը որքանով է պատրաստ պաշտպանել Պարսից ծոցի իր դաշնակիցներին։

Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ից հետո ունի թվաքանակով երկրորդ բանակը, իսկ Պակիստանը մնում է մահմեդական երկրների մեջ միակ միջուկային տերությունը։ Նրանց մասնակցությունն ուժեղացնում է Սաուդյան Արաբիայի ռազմական ներուժը և ստեղծում է միասնական ռազմական գոտի՝ Իրանի հետ աճող լարվածության ֆոնին։

Միաժամանակ, թուրքական կողմը հայտարարել է, որ համաձայնագիրն ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ, իսկ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այն «ռազմական առանցք կամ դավանական բլոկ ստեղծելու փորձ չէ»։ Թուրք ներկայացուցիչի խոսքով՝ ապագայում համաձայնագրին կարող են միանալ նաև այլ պետություններ։

Միևնույն ժամանակ, փաստաթուղթը չի պարունակում կոնկրետ պարտավորություններ այն մասին, թե կոնկրետ ինչ ռազմական գործողություններ պետք է ձեռնարկեն կողմերը հարձակման դեպքում։ Անհասկանալի է նաև, թե պայմանագիրը որքանով իրավաբանորեն կպարտավորեցնի Թուրքիային և Պակիստանին անմիջականորեն մտնել ռազմական գործողությունների մեջ Սաուդյան Արաբիայի կողմում։

Համաձայնագիրը կնքվել է այն պայմաններում, երբ շարունակվում են Իրանի և նրա կողմից աջակցվող խմբավորումների հարձակումները Սաուդյան Արաբիայի դեմ։ Պատերազմի ընթացքում Իրանը բազմիցս հարվածներ է հասցրել թագավորության տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին, էներգետիկ ձեռնարկություններին և ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ի հրադադարից հետո Իրանի ուղղակի հարձակումները հիմնականում դադարել են, սակայն Թեհրանի հետ կապված խմբավորումները Եմենում և Իրաքում շարունակել են սպառնալ Սաուդյան Արաբիային։

CNN-ի տվյալներով՝ վերջին շաբաթներին Էր Ռիյադն ավելի շատ մտավախություն ունի Իրանի կողմից աջակցվող զինված կազմավորումների՝ Իրաքից և Եմենից համակարգված հարձակման վերաբերյալ, որը կարող է իրականացվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությամբ։

Միաժամանակ, Պակիստանն ու Թուրքիան ունեն հակամարտությունը սահմանափակելու իրենց սեփական պատճառները։ Երկու երկրներն էլ սահմանակից են Իրանին։ Պակիստանը ստիպված է հաշվի առնել Թեհրանի հետ հարաբերությունները և նշանակալի շիա համայնքի առկայությունը, մինչդեռ Թուրքիան, չնայած Իրանի հետ մրցակցությանը մի շարք տարածաշրջանային հարցերում, շահագրգռված է նրա հետ համագործակցել քրդական անջատողականությանը հակազդելու հարցում։

Թեհրանում համաձայնագիրն արդեն բացասական արձագանք է առաջացրել։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզային հայտարարել է, որ պայմանագիրը չի երաշխավորում Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։

«Սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի և Պակիստանի հետ թղթի վրա ստորագրված համաձայնագիրը նրանց անվտանգություն չի բերի, ինչպես դա չկարողացան անել նաև ամերիկացիներից միակողմանի կախվածության տասնամյակները», — գրել է նա X-ում։

Այսպիսով, նոր պաշտպանական պայմանագիրը կարող է դառնալ գործոն, որն ունակ է էապես ընդլայնել հակամարտությունը Սաուդյան Արաբիայի վրա հերթական խոշոր հարձակման դեպքում․ հարվածը թագավորությանը պոտենցիալ առումով կարող է պատերազմի մեջ ներգրավել Թուրքիային և Պակիստանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *