Ռուբիո․ ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ հռչակագրի ստորագրումից հետո անցած մեկ տարվա ընթացքում պայմանավորվածությունների իրագործման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ ստեղծվել է Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP)։

Ռուբիոյի խոսքով՝ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկա լինելով այն փաստաթղթի ստորագրմանը, որը, ինչպես նշել է պետքարտուղարը, վերջ է դրել Հարավային Կովկասում տասնամյակների հակամարտությանը և հիմք դրել նոր տրանսպորտային նախագծի համար։

«Վերջին 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ ուս ուսի աշխատել է՝ այս խոստումը վերածելով իրական առաջընթացի»,- նշվել է Ռուբիոյի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ TRIPP-ը, որը նախատեսում է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացում, աստիճանաբար իրականություն է դառնում։ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղային հատվածի ինժեներական հետազոտությունները, մինչդեռ Ադրբեջանը մոտ է ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարության ավարտին, որոնք պետք է միանան հայկական ենթակառուցվածքին։

Ռուբիոն նաև հայտարարել է Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) գործունեության մեկնարկի մասին, որը ստեղծվել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում մասնավոր ներդրումները խթանելու համար։ Հիմնադրամը ղեկավարում է վերջերս ընտրված տնօրենների խորհուրդը, դրա կապիտալացումը կազմել է 201 մլն դոլար՝ ԱՄՆ կառավարության միջոցներից։

«Խաղաղությունը ճանապարհ է բացել ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման համար, որոնք կնպաստեն բոլոր երեք երկրների տնտեսական բարգավաճմանը»,- հայտարարել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ TRIPP-ը ոչ միայն ենթակառուցվածքային նախագիծ է, այլև Անդրկասպյան առևտրային երթուղու (Միջին միջանցք) կարևոր օղակ, որը կարող է ընդլայնել առևտրային հնարավորությունները ԱՄՆ-ի և այլ երկրների համար։

«Խաղաղությունն ու բարգավաճումը փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց»,- ընդգծել է Ռուբիոն՝ տնտեսական համագործակցությունն անվանելով ձգձգված հակամարտությունների կարգավորումից հետո խաղաղության ամրապնդման մոդել։

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների ամրապնդման և Հարավային Կովկասում «կայուն և երկարաժամկետ խաղաղության» առաջմղման ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *