ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ պատերազմում գտնվում է «խաղի միջնամասում», և առայժմ հակամարտությունը ավարտված չի համարում։
Վենսի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ը նախևառաջ կենտրոնացած է Հորմուզի նեղուցով նավթի և գազի մատակարարումների հնարավորինս մեծ ծավալի վերականգնման վրա։ Զուգահեռաբար Վաշինգտոնը բանակցություններ է վարում Իրանի հետ և փորձում է հասնել Թեհրանից երկարաժամկետ փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան բարելավել երկու երկրների հարաբերությունները։
«Եթե հետ նայենք և հիշենք, թե ինչի ենք այստեղ հասել, մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ծրագիրը, ոչնչացրել ենք նրա սովորական զինված ուժերը և զգալիորեն կրճատել նրա կարողություններն ասիմետրիկ պայքար վարելու համար», — հայտնել է ԱՄՆ փոխնախագահը։
Նա նշել է, որ այժմ ԱՄՆ-ը փորձում է պարզել՝ արդյո՞ք Իրանը պատրաստ է գնալ այն փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են Վաշինգտոնի հետ ավելի կայուն հարաբերություններ հաստատելու համար։ Միևնույն ժամանակ, փոխնախագահի խոսքով, եթե Թեհրանը հրաժարվի, ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել նրա վրա։
«Մենք պարզապես կշարունակենք կիրառել մեզ հասանելի ճնշման միջոցները և հասնել նրան, որ Մերձավոր Արևելքից հնարավորինս շատ նավթ և գազ մատակարարվի, որպեսզի ամերիկացիները կարողանան օգտվել վառելիքի և էներգիայի ավելի ցածր գներից», — ասել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ ռազմական գործողությունը Վաշինգտոնի կողմից կիրառվող գործիքներից միայն մեկն է։
«Ես փորձում եմ մարդկանց հիշեցնել, որ մենք իսկապես գտնվում ենք խաղի միջնամասում։ Սա դեռ վերջը չէ։ Ակնհայտ է, որ մենք արդեն սկզբում չենք՝ մենք խաղի միջնամասում ենք և կիրառում ենք գործիքների մի ամբողջ շարք՝ դիվանագիտական, տնտեսական և ռազմական, որպեսզի ապահովենք լավագույն արդյունքն ամերիկացի ժողովրդի համար», — հայտնել է Վենսը։
Նա հավելել է, որ վստահ է ԱՄՆ-ի առաջ դրված նպատակների իրականացման մեջ, սակայն դրա համար կպահանջվի ներկա ջանքերի շարունակում։