Դրոնի ավստրալացի օպերատորը, ենթադրաբար, առաջին անգամ բնական միջավայրում նկարահանել է սապատավոր կետի ծննդաբերության ամբողջ ընթացքը, գրել է Live Science-ը։
Եզակի կադրերը ստացվել են Նոր Հարավային Ուելս նահանգի հյուսիսային ափերից, կետերի միգրացիային հետևելու ընթացքում։
Կետանմանների փրկության և հետազոտության ավստրալական կազմակերպության (ORRCA) դրոնի օպերատոր Ալեքսանդր Ֆորեսթը նկատել է էգին, որը շարժվում էր իր խմբից զգալիորեն ավելի դանդաղ։ Շուտով նա ծնել է ձագին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է նորածին կետն առաջին անգամ բարձրանում մակերես՝ շունչ քաշելու համար, իսկ մայրը շրջվում և վերադառնում է նրա մոտ։ Նկարահանումն իրականացվել է ափից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ Քինգսքլիֆի շրջանում։
Ֆորեսթի խոսքով՝ սա, որքան հայտնի է հետազոտողներին, աշխարհում առաջին տեսանյութն է, որտեղ դրոնի օգնությամբ ամբողջությամբ ֆիքսվել է սապատավոր կետի կենդանի ծնունդը։ ORRCA-ի ներկայացուցիչը նշել է, որ ընդհանուր առմամբ նման ծննդաբերություններ հաջողվել է նկարահանել միայն չորրորդ անգամ։
Մասնագետները մտադիր են մանրամասն ուսումնասիրել տեսագրությունը և պատրաստել գիտական հրապարակում։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ էգը ծնում էր իր խմբից հեռու։ Գիտնականները կհամեմատեն այս վարքագիծը այլ հայտնի դեպքերի հետ, ներառյալ 2023 թվականին կաշալոտի ծնվելու նկարահանումը, երբ նորածնին շրջապատել էր հասուն էգերի խումբը, որոնք օգնում էին նրան բարձրանալ մակերես՝ առաջին շունչը քաշելու համար։
Սապատավոր կետերը մոր հետ մնում են մոտ 11 ամիս։ Նորածին ձագը կշռում է 900 կիլոգրամից մինչև 1,36 տոննա, հասնում է 3–5 մետր երկարության և ամեն օր ավելացնում է մոտ 45 կիլոգրամ՝ սնվելով մոր յուղոտ կաթով։ Այդ ընթացքում նա ուժ է հավաքում իր առաջին միգրացիայի համար, որը մեկ ուղղությամբ կարող է հասնել 8 հազար կիլոմետրի՝ բևեռային ջրերի և բազմացման արևադարձային շրջանների միջև։