Ford ընկերությունը բացահայտել է նոր էլեկտրական պիկապի՝ Fathom-ի անվանումը, արժեքը և առաջին մանրամասները, որը կդառնա Universal EV նոր հարթակի առաջին մոդելը։ ԱՄՆ-ում վաճառքը նախատեսվում է սկսել 2027 թվականի սկզբին՝ 28 350 դոլարից մեկնարկող գնով, հայտնել է Autocar-ը։
Նոր հարթակը մշակվել է Կալիֆոռնիայում ինժեներների թիմի կողմից, որոնցից շատերը նախկինում աշխատել են ավտոսպորտում, այդ թվում՝ «Ֆորմուլա-1»-ում։ Ford-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ֆարլիի խոսքով՝ աերոդինամիկայի ոլորտի մասնագետների փորձը թույլ է տվել ստեղծել ավելի արդյունավետ կառուցվածք, որը նվազեցնում է էներգիայի սպառումը և թույլ տալիս օգտագործել ավելի փոքր տարողությամբ մարտկոցներ։
Ընկերությունում պնդում են, որ Fathom-ն ունի աերոդինամիկա, որը մոտավորապես 15 տոկոսով ավելի արդյունավետ է, քան ամերիկյան շուկայում վաճառվող ցանկացած այլ պիկապինը։ Դա պետք է մեծացնի ընթացքի պաշարը, նվազեցնի ավտոմեքենայի զանգվածը և միաժամանակ իջեցնի դրա արժեքը։
Ford-ը նաև հայտարարում է, որ, չնայած կոմպակտ կառուցվածքին, Fathom-ի սրահը ընդարձակությամբ գերազանցում է Toyota RAV4-ը։
Universal EV հարթակը նախատեսում է մեգաձուլման տեխնոլոգիայի լայն կիրառում, որի դեպքում թափքի խոշոր տարրերը պատրաստվում են որպես միասնական դետալներ։ Դա թույլ է տալիս կրճատել բաղադրիչների քանակը, պարզեցնել արտադրությունը և նվազեցնել ավտոմեքենաների ինքնարժեքը։
Ընկերությունում հույս ունեն, որ նոր ճարտարապետությունը կդառնա գլոբալ էլեկտրամոբիլների ամբողջ ընտանիքի հիմքը և կօգնի Ford-ին ավելի հաջող մրցակցել չինական արտադրողների հետ։ Միևնույն ժամանակ, Universal EV հարթակի վրա ստեղծված մոդելները եվրոպական շուկա հանելու վերաբերյալ պաշտոնական որոշում դեռ չի ընդունվել, թեև այդ հնարավորությունը դիտարկվում է։