Հնդկաստանի բնակչուհի Ռենու Դհարիյալը սահմանել է ներկայում ապրող կանանց շրջանում մազերի երկարության համաշխարհային ռեկորդ։ Գինեսի ռեկորդների գրքի փորձագետները չափել են նրա մազերը և գրանցել 2,69 մետր երկարություն, հայտնել է UPI-ն։
Դհարիյալը 2015 թվականից չի կտրում մազերը։ Նրա խոսքով՝ դրա համար ոգեշնչման աղբյուր են ծառայել հնդկական ավանդույթները, որոնցում երկար մազերը համարվում են գեղեցկության խորհրդանիշ։
Նոր ռեկորդակիրը գերազանցել է ուկրաինուհի Ալիա Նասիրովայի նախկին ցուցանիշը, որի մազերի երկարությունը հասնում էր 2,57 մետրի։
Դհարիյալը խոստովանում է, որ մազերի խնամքը մեծ համբերություն է պահանջում։ Լվանալու և խճճվածքը բացելու համար նրանից ժամեր են պահանջվում։ Միևնույն ժամանակ, նա չի օգտագործում քիմիական միջոցներ՝ նախընտրելով տնային պայմաններում և սեփական ձեռքերով պատրաստված յուղեր և շամպուններ։ Իր բաղադրատոմսերը ռեկորդակիրը ներկայացնում է YouTube-ում։