Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է «հիբրիդային պատերազմի» շրջանակում ամենօրյա հարձակումների մասին

Գերմանիան ամեն օր դառնում է «հիբրիդային պատերազմի» շրջանակում իրականացվող հարձակումների թիրախ, Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը՝ Լայպցիգ/Հալլե օդանավակայանում պայթուցիկով անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո։

«Մենք պատերազմի վիճակում չենք, բայց ամեն օր դառնում ենք հիբրիդային պատերազմի թիրախ», — ասել է Դոբրինդտը։

Նրա կարծիքով, օտար ուժերը փորձում են քաղաքական ու սոցիալական ճնշում գործադրել Գերմանիայի վրա՝ բնակչության շրջանում վախ տարածելով։ Մշտական սպառնալիքների թվում նախարարը նշել է լրտեսությունը, դիվերսիաները, կիբերհարձակումներն ու գաղտնի գործողությունները, որոնք ուղղված են երկրի ապակայունացմանը կամ նրան ուղղակի վնաս հասցնելուն։

Թերթի հրապարակած հարցազրույցի հատվածից չի հասկացվում, թե Դոբրինդտը կոնկրետ որ պետություններին է համարում նման գործողություններին առնչակից։

Երեքշաբթի Գերմանիայի արևելքում գտնվող Լայպցիգ/Հալլե օդանավակայանում հայտնաբերվել էր պայթուցիկով անօդաչու թռչող սարք։ Միջադեպից հետո գերմանացի որոշ պատգամավորներ հնարավոր առնչության մեջ մեղադրել էին Ռուսաստանին։ Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը մերժել էր այդ մեղադրանքները՝ տեղի ունեցածը անվանելով «կեղծված սադրանք» և հայտարարելով, որ դրանք ապացույցներով չեն հիմնավորվում։

Ավելի վաղ Դոբրինդտը Լայպցիգի միջադեպը անվանել էր «հիբրիդային հարձակման սցենար»՝ չբացառելով օտար ուժերի հնարավոր մասնակցությունը։

Բացի այդ, հինգշաբթի երեկոյան Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային երկրամասի Մեխերնիխ քաղաքում գտնվող ռազմական բազայի տարածքի վրա նկատվել էին երկու անօդաչու թռչող սարքեր։ Նոր սպառնալիքների ֆոնին Դոբրինդտը նշել է Գերմանիայում անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *