BBC News-ի հետաքննությունը․ Սիրիայի հետախուզության նախկին ղեկավարը գտնվում է Մոսկվայում

Սիրիայի Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավար Հուսամ Լուկան, որը մեղադրվում է խոշտանգումների, սպանությունների և Բաշար Ասադի ռեժիմի այլ հանցագործությունների մեջ, թաքնվում է Մոսկվայում, պարզել է BBC News-ը հետաքննության ընթացքում։

Լուկան, որը հայտնի էր «Սարդ» մականունով, համարվում էր սիրիական հատուկ ծառայությունների ամենաազդեցիկ և ամենադաժան ներկայացուցիչներից մեկը։ Նա ղեկավարում էր քաղաքական անվտանգությունը Հոմսում քաղաքացիական պատերազմի առաջին տարիներին, իսկ ավելի ուշ գլխավորեց Ընդհանուր անվտանգության գլխավոր վարչությունը՝ Ասադի ռեժիմի առանցքային հետախուզական կառույցներից մեկը։ Լուկան գտնվում է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների տակ։

2024 թվականի դեկտեմբերին Ասադի տապալումից հետո Լուկան անհետացել էր։ BBC-ի լրագրողները նրա լքված բնակարանում Դամասկոսում հայտնաբերել են լուսանկարներ, փաստաթղթեր, պարգևներ և 155 հեռախոսահամար պարունակող նոթատետր, որոնք օգնել են նրանց սկսել նախկին ուժայինի որոնումները։

Հետաքննության ընթացքում լրագրողները կապ են հաստատել Լուկայի նախկին թիկնապահի հետ։ Ռեժիմի գոյության վերջին ժամերին Լուկան հայտարարել էր, որ կմնա պաշտպանելու Դամասկոսը, սակայն շուտով անհետացել էր՝ իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանից խոշոր գումար վերցնելով։ Ավելի ուշ լրագրողները տեղեկացել են, որ նրա վարորդը կարող էր նրան դուրս բերել մայրաքաղաքից։

Լիբանանի կառավարության մի աղբյուրի տվյալներով, Լուկան Լիբանանով անցել է այլ անունով ռուսաստանյան անձնագրով, որից հետո մեկնել է Ռուսաստան։ Լուկայի բնակարանում Դամասկոսում նաև հայտնաբերվել էին Ռուսաստանի արտաքին հետախուզության պարգևներ և ամանորյա բացիկ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայից։

Հետագայում լրագրողները ստացել են ռուսաստանյան հեռախոսահամար, որը, աղբյուրի վկայությամբ, պատկանում էր Լուկային։ Հեռախոսազրույցի ընթացքում գծի մյուս ծայրում գտնվող անձը ճիշտ է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները, ինչպես կարծում էին լրագրողները, կարող էր իմանալ միայն սիրիացի նախկին ուժայինը։ Ավելի ուշ Լուկան ինքն է հաստատել իր ինքնությունը BBC-ի հետ զրույցում, սակայն հրաժարվել է քննարկել իր դեմ առաջադրված մեղադրանքները։

«Ես չեմ կարող ռիսկի դիմել՝ հեռախոսով խոսելով իմ իրավիճակում», — ասել է նա՝ հրաժարվելով բացատրել Ռուսաստանում իր գտնվելու հանգամանքները։

BBC-ն նաև ստացել է Լուկայի հետ կապված երկրորդ հեռախոսահամարը և մեկ օրվա ընթացքում կարողացել է հաստատել նրա գտնվելու վայրը Մոսկվայի արվարձանային երկու շրջաններում։ Լրագրողների հաջորդ զանգերին նա չի պատասխանել, իսկ մեղադրանքները մեկնաբանելու խնդրանքով հաղորդագրությանը չի արձագանքել։

Սիրիայում Լուկայի դեմ հարուցվել է գործ՝ կանխամտածված սպանության, խոշտանգումների և խոշտանգումների հետևանքով մահվան մեղադրանքներով։ Երկրի գլխավոր դատախազ Հասան ալ-Թուրբան BBC-ին հայտնել է, որ սիրիական իշխանությունները նրա ձերբակալման օրդեր են տարածել երկրի ներսում և աշխատում են դրա միջազգային տարածման ուղղությամբ, ինչպես նաև փորձում են պարզել Լուկայի և ռեժիմի այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գտնվելու վայրը և հասնել նրանց արտահանձնմանը։

Լուկայի հետ կապվող դրվագներից մեկը 2015 թվականի սեպտեմբերին Հոմսում տեղի ունեցած այսպես կոչված «Իդ ալ-Ադհայի ջարդն» է։ Սիրիական մարդու իրավունքների ցանցի տվյալներով, ալ-Վաեր շրջանի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ 17 երեխա և 4 կին։ Այդ ժամանակվա սիրիական ակտիվիստներն ու ընդդիմադիր լրատվամիջոցները պնդում էին, որ Լուկան մասնակցել է հարձակման թիրախների ընտրությանը։

Ասադի ռեժիմի անկումից հետո Սիրիայում ուժեղացել են նախկին հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու պահանջները։ Սակայն Լուկայի հայտնաբերումը Ռուսաստանում բարդացնում է նրա արտահանձնման հեռանկարները։ Ռուսաստանը Ասադի ռեժիմի գլխավոր դաշնակիցներից էր և ապաստան էր տվել նաև Սիրիայի նախկին նախագահին՝ նրա տապալումից հետո։

Ռուսաստանի իշխանությունները չեն պատասխանել BBC-ի հարցմանը՝ կապված Լուկայի՝ Մոսկվայում գտնվելու և նախկին սիրիացի ուժայինի հնարավոր արտահանձնման հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *