Պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է հրեուհի ընտրվել

Կոստա Ռիկայի դիվանագետ և երկրի նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի անսպասելի ֆավորիտը։ Եթե նրա թեկնածությունը հաստատվի, նա կդառնա կազմակերպության պատմության մեջ առաջին կինը և առաջին հրեան, որը կգլխավորի այն, հայտնում է The Guardian-ը։

ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երկրորդ ժամկետը կավարտի 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ըստ տարածաշրջանային ռոտացիայի ոչ պաշտոնական պրակտիկայի՝ ակնկալվում է, որ նրա հաջորդը կլինի Լատինական Ամերիկայի ներկայացուցիչ։

Գրինսպանն այժմ ղեկավարում է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովը (ՅՈՒՆԿՏԱԴ)։ Նրա ծնողները Լեհաստանից փախստականներ էին, որոնք փրկվել էին Հոլոքոստից, իսկ մոր կողմից նրա տատն ու պապը զոհվել էին նացիստների ձեռքով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջին փակ նախնական հարցման ընթացքում յոթ թեկնածուներին գնահատել են երեք կատեգորիայով՝ կողմ, դեմ, ձեռնպահ։ Գրինսպանը ստացել է 10 կողմ, չորս ձեռնպահ և ընդամենը մեկ դեմ ձայն։ Թե կոնկրետ ով է հանդես եկել նրա թեկնածության դեմ, հայտնի չէ։

Գրինսպանի ամենամոտ մրցակիցը դարձել է ՄԱԿ-ում Գայանայի նախկին մշտական ներկայացուցիչ Քերոլայն Ռոդրիգես-Բըրկիտը։ Նա ստացել է ինը կողմ, երկու դեմ և չորս ձեռնպահ ձայներ։

Արևմտյան դիվանագետի վկայությամբ, որոշ երկրներ Գրինսպանին դիտարկում են որպես Գուտերեշի կուրսի շարունակության թեկնածու, և նա կարող է օգտվել նրա ոչ հրապարակային աջակցությունից։ Միևնույն ժամանակ շատ բան կախված կլինի նրանից, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից որը հանդես կգա նրա դեմ՝ Ռուսաստանը, Չինաստանը, թե ԱՄՆ-ն։ Նման իրավիճակը կարող է հանգեցնել գործընթացի արգելափակման։

Նոր գլխավոր քարտուղարի ընտրությունները տեղի են ունենում հենց ՄԱԿ-ի լուրջ ճգնաժամի ֆոնին։ Կազմակերպությունը կրճատում է աշխատատեղերի մոտ 20%-ը, իսկ միջազգային միջնորդի նրա դերը մի շարք հակամարտություններում ավելի ու ավելի հաճախ ստանձնում են այլ պետություններ և կառույցներ։

Ընտրվելու դեպքում Գրինսպանը կդառնա ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին կինը, որը կգլխավորի կազմակերպությունը, ինչպես նաև հրեական ծագում ունեցող առաջին գլխավոր քարտուղարը։

Գրինսպանը բազմիցս խոսել է իր ընտանեկան անցյալի մասին և այն կապել խաղաղության պահպանման անհրաժեշտության հետ։ Ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայում՝ նա նշել է, որ հենց խաղաղությունն է հնարավորություն տվել իր ծնողներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի փախստականներին, Կոստա Ռիկայում գտնել անվտանգություն և արժանապատվություն։

Միևնույն ժամանակ ՅՈՒՆԿՏԱԴ-ի ղեկավարի պաշտոնում Գրինսպանի գործունեությունը կարող է դառնալ այն գործոններից մեկը, որոնք կազդեն նրա թեկնածության նկատմամբ Իսրայելի և նրա դաշնակիցների վերաբերմունքի վրա։ Կազմակերպության ղեկավարության ներքո հրապարակվել են պաղեստինյան տարածքների իսրայելական օկուպացիայի տնտեսական վնասների մանրամասն գնահատականներ։

2026 թվականի փետրվարին ՅՈՒՆԿՏԱԴ-ը հայտարարել էր, որ 2000-ից 2024 թվականներին պաղեստինյան տնտեսությունը կորցրել է մոտ 212,2 մլրդ դոլար՝ սահմանափակումների, արգելափակման միջոցառումների, օկուպացիոն քաղաքականության և ռազմական գործողությունների հետևանքով։ 2025 թվականի նոյեմբերին Գրինսպանը նաև հայտնել էր, որ Գազայի հատվածում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կրճատվել է՝ հասնելով տարեկան 161 դոլարի։

Ավելի վաղ ևս մեկ հավակնորդ էր համարվում Չիլիի նախկին նախագահ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, սակայն նրա թեկնածությունը, հավանաբար, բախվել է լուրջ դիմադրության։ Մասնավորապես, ԱՄՆ իշխանությունները նրան մեղադրում էին մարդու իրավունքների հարցերում Չինաստանի նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի համար։

Վերջնական որոշումը սպասվում է մինչև տարեվերջ։ Գլխավոր քարտուղարին ընտրում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Անվտանգության խորհրդի առաջարկությունից հետո։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա Անվտանգության խորհրդի անդամների առնվազն ինը ձայն և չբախվի հինգ մշտական անդամներից որևէ մեկի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի, վետոյին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *