ՆԳՆ նախկին ղեկավարին և Los Lobos խմբավորման առաջնորդին մեղադրանք է առաջադրվել նախագահի թեկնածուի սպանության գործով

Էկվադորի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ներքին գործերի նախկին նախարար Խոսե Սերրանոյին և ևս վեց անձանց՝ 2023 թվականին նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության գործով, հայտնում է BBC News-ը։

Քննության վարկածով, Սերրանոն և Los Lobos հանցավոր խմբավորման առաջնորդ Վիլմեր «Պիպո» Չավարրիան կարող էին անուղղակի դեր ունենալ սպանության կազմակերպման մեջ։ Եվս մի քանի մեղադրյալներ կապված են այս խմբավորման հետ։ Դատախազությունը երկրի սահմաններից դուրս գտնվող հինգ կասկածյալի նկատմամբ խնդրել է Ինտերպոլի միջազգային ծանուցումներ՝ նրանց ձերբակալության և հետագա արտահանձնման համար։

Վիլյավիսենսիոն՝ լրագրող և նախկին պատգամավոր, գնդակահարվել էր 2023 թվականի օգոստոսին Կիտոյում նախընտրական միջոցառման ժամանակ՝ ընտրություններից մի քանի օր առաջ։ Նա հանդես էր գալիս կոռուպցիայի դեմ և բացահայտ խոսում էր կազմակերպված հանցավորության ու իշխանության ներկայացուցիչների կապերի մասին։ Սպանությունից առաջ թեկնածուն բազմիցս սպառնալիքներ էր ստացել, սակայն շարունակում էր մասնակցել նախընտրական միջոցառումներին։

2024 թվականին Los Lobos-ի հետ կապված հինգ մարդ դատապարտվել էր սպանության կազմակերպման համար։ Անմիջական կատարողը սպանվել էր հանցագործության վայրում, իսկ ևս վեց մեղադրյալներ հետագայում մահացած էին հայտնաբերվել բանտում։

Չավարրիան անցյալ տարի ձերբակալվել էր Իսպանիայում այն բանից հետո, երբ բեմադրել էր սեփական մահը։ Մեկ այլ կասկածյալ՝ Անխել Էստեբան Ագիլարը, մարտին ձերբակալվել էր Մեխիկոյում և արտահանձնվել Էկվադոր։

Ներկայումս ընթանում են նախնական լսումները։ Դատարանը պետք է որոշի՝ արդյոք բավարար ապացույցներ կան գործը լիարժեք դատավարության փոխանցելու համար։

Վերջին տարիներին Էկվադորը բախվել է նարկոկարտելների ազդեցության կտրուկ աճին։ Երկիրը օգտագործվում է որպես կարևոր տարանցիկ ուղի հարևան Կոլումբիայում և Պերուում արտադրվող կոկաինի համար։ Երկրի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկը համարվում է Los Lobos-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *