Բարաք Օբաման մեկնարկում է փոդքաստ գրքերի մասին, որոնք խորապես ազդել են նրա աշխարհայացքի և «մեր հասարակության վրա»՝ Թոնի Մորիսոնի «Սողոմոնի երգը» գրքից մինչև Ջոն լը Կարեի «Լրտես, դո՛ւրս կորիր»-ը։
A Great Book with Barack Obama («Մի մեծ գիրք Բարաք Օբամայի հետ») վերնագրով փոդքաստը կմեկնարկի Audible հարթակում սեպտեմբերի 24-ին։
Վեց սերիաներից յուրաքանչյուրում ԱՄՆ նախկին նախագահը հատուկ հյուրի հետ կքննարկի իր ընտրած ստեղծագործություններից մեկը։
Մորիսոնից և լը Կարեից բացի, Օբաման իր ցուցակում ներառել է նաև հետևյալ գրքերը.
-
Ջեյմս Բոլդուինի «Հաջորդ անգամ՝ կրակ» (The Fire Next Time)
-
Քորմակ Մաքքարթիի «Բոլոր գեղեցիկ ձիերը» (All the Pretty Horses)
-
Մերիլին Ռոբինսոնի «Գաղաադ» (Gilead)
-
Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» (All the King’s Men)
«Մեծ գրքերը միշտ օգնել են ինձ հասկանալու, թե ով եմ ես և ինչին եմ հավատում,- ասել է Օբաման։- Այս շարքում ներկայացված վեց գիրքն ուղեկցել են ինձ ամբողջ կյանքի ընթացքում, և դրանցից յուրաքանչյուրը կարող է մեզ շատ բան սովորեցնել մարդկային փորձառությունը հասկանալու հարցում»։
«Այս փոդքաստի համար ես հրավիրել եմ ընկերներիս, որպեսզի քննարկենք, թե ինչու են այս գրքերն արձագանք գտնում, ինչպես են դրանք ձևավորում մեր պատկերացումները մեր և միմյանց մասին, և ինչու է գրականությունն այսօր առավել կարևոր, քան երբևէ,- ավելացրել է նա։- Հուսով եմ, որ ունկնդիրները կոգեշնչվեն բացահայտելու կամ նորից վերագտնելու այն գրքերը, որոնք փոխում են մարդու հայացքը իր և աշխարհի նկատմամբ»։ Փոդքաստի հյուրերի անունները դեռևս չեն հայտարարվել։