ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կկարողանա հեռացնել միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից: Axios-ը, հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին, հաղորդում է, որ Սիրիայի, Իսրայելի և Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս:

Խոսքը վերաբերում է այսպես կոչված «99-րդ օբյեկտին»: Երկու իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմն այնտեղ պահել է Ալ-Քիբարի միջուկային ռեակտորի նախագծին վերաբերող նյութեր: Ամերիկյան աղբյուրները պարզաբանել են, որ նյութերը ներառում են ուրանի կոնցենտրատ կամ ուրանի համակենտրոնացված խառնուրդ (դեղին կեկ)։

Այս նյութերից ոչ մեկը չի կարող օգտագործվել միջուկային զենք մշակելու համար: Այնուամենայնիվ, դրանք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբ» ստեղծելու նպատակով:

Իսրայելը և Միացյալ Նահանգները մեկ տարուց ավելի ծախսել են «99-րդ օբյեկտի» խնդիրը լուծելու համար: Միևնույն ժամանակ՝ սիրիական նոր իշխանությունները, ըստ Axios-ի աղբյուրների, պնդել են, որ տեղյակ չեն եղել այնտեղ միջուկային նյութերի առկայության մասին:

Մի քանի շաբաթ առաջ Իսրայելը նկատել է օբյեկտի մոտակայքում շարժ և ենթադրել, որ սիրիական կառավարությունը ցանկանում է հասանելիություն ստանալ այդ նյութերին, հնարավոր է՝ Թուրքիայի օգնությամբ: Սակայն Միացյալ Նահանգները խնդրել է Իսրայելին որևէ գործողություն չձեռնարկել և դիմել է ՄԱԳԱՏԷ-ին: Արդյունքում՝ հաջողվել է խուսափել երեք երկրների մասնակցությամբ սրացումից: Երեք շաբաթ առաջ Սիրիան ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիր է ստորագրել միջուկային նյութերի հեռացման վերաբերյալ: Սակայն դրանք ներկայում մնում են «99-րդ օբյեկտում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *