Կասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի արտադրությունը

Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ասատրյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գ. Քուչակ, ապրանքանիշը՝ «Քուչակի Լուսաղբյուր») արտադրական գործունեությունը:

 

Արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ լուրջ խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ։

 

Հիմնական խախտումները.

 

– Արտադրամասում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։

 

– Չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում, ինչպես նաև պատշաճ մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ։

 

– Հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

 

– Առաստաղը և վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և խոնավության խտացումը։

 

– Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքներն ու պարագաները կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։

 

– Մակնշվածքում նշված չի եղել արտադրանքի բաղադրության մեջ ասպարտամի առկայությունը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» պարտադիր գրառմամբ։

 

Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցն ու արտադրանքը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Սահմանվել է կատարման հստակ ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *