Իսրայելը կորցնում է իր դաշնակիցներին ԵՄ-ում․ Politico

Վիկտոր Օրբանի պարտությունը Հունգարիայի ընտրություններում Իսրայելին զրկում է Եվրոպական Միության ներսում իր ամենահուսալի դաշնակիցներից մեկից՝ հեռացնելով այն առաջնորդին, որը բազմիցս օգտագործել էր իր վետոն՝ Բենյամին Նեթանյահուի կառավարությանը ճնշումից պաշտպանելու համար. գրել է Politico-ն։

Օրբանի հեռացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իսրայելի նկատմամբ քննադատությունը խստանում է ամբողջ Եվրոպայում՝ խթանելով ԵՄ-Իսրայել հարաբերությունները վատթարացնելու ջանքերը։

Այդ տեղաշարժը տեսանելի է նույնիսկ այն առաջնորդների շրջանում, որոնք նախկինում համարվում էին Իսրայելին, ընդհանուր առմամբ, համակրող։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «խորապես մտահոգված է պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող զարգացումներով»՝ մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից Արևմտյան ափում բնակիչների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնության աճի մասին հաղորդագրություններից հետո։ Իտալիան անցյալ շաբաթ կասեցրել է Իսրայելի հետ պաշտպանության և տեխնոլոգիաների մասին համաձայնագիրն, այն բանից հետո, երբ արտգործնախարար Անտոնիո Տայանին դատապարտել է Լիբանանում Իսրայելի կողմից «անընդունելի» հարձակումները։ ԵՄ պաշտոնյան Politico-ին հայտնել է, որ Բրյուսելի տրամադրության մեջ Իսրայելի նկատմամբ «շրջադարձային կետը» տեղի է ունեցել ապրիլի սկզբին Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածներից հետո, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ։ Դա Իսրայելին մի քանի ընկեր «արժեցավ»։

ԵՄ-ի կողմից հնարավոր քայլից մեկը ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագրի կասեցումն է։ Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2000 թվականին, հիմք է հանդիսանում ԵՄ-ի և Իսրայելի միջև առևտրային հարաբերությունների համար։

«Տրամադրությունը փոխվում է», – նշել է ԵՄ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, ով զբաղվում է Իսրայելի վերաբերյալ դիվանագիտական զրույցների կազմակերպմամբ: «Նայեք Մերցի մեկնաբանություններին և Իտալիայում կատարվողին», – հավելել է պաշտոնյան՝ նշելով, որ շատ բան կախված կլինի Լիբանանի խաղաղության գործընթացից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *