Երբ Աջափնյակի բնակիչ Նարեկ Պետրոսյանն օգոստոսի 10-ի երեկոյան այգում գտավ փոքրիկին, անգամ պորտալարը կտրված չէր․ 2-3 ժամ առաջ էր ծնվել։ Դեպքը Հալաբյանն 13 հասցեի մոտակայքում է եղել։ Բնակիչները երեխայի լացի ձայն են լսել․ առաջինը Նարեկն է մոտեցել նորածնին։
«Տեսա՝ ծածկոց է, մի պահ ուզում էի ոտքով խփել, հետո մտածեցի՝ կարող է շան ձագ լինել։ Փառք Աստծո, չխփեցի։ Կռացա, բացեցի, տեսա նորածին է։ Նույն պահին գրկեցի երեխային ու զանգեցի շտապօգնություն»,-ABC Media-ի հետ զրույցում պատմել է նա։
Շտապօգնությունը բավական արագ է հասել՝ 5 րոպեում, փոքրիկին միանգամից հիվանդանոց տեղափոխել։ Բայց Նարեկը հասցրել է 1 լուսանկար անել աղջնակից։
Օգոստոսի 10-ի երեկոն զով ու անձրևային էր Երևանում․ գետնին՝ սառը թիթեղների արանքում դրված երեխայի համար, բժշկի խոսքով, սա կարող էր մահացու լինել։ Նորածնի մարմինի ջերմաստիճանը նվազել էր՝ հասնելով 30-ի։
«Ըստ պրոտակոլի՝ հիպոթերմիայով նորածինների ջերմաստիճանը ժամանական կես աստիճանով պետք է բարձրացնել։ Այդպես էլ արել ենք և առավոտյան արդեն երեխայի ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, դա մեր համար 36.7 աստիճանն է։ Կային նաև շնչառական անբավարարության որոշ նշաններ, հիմա լավ է։ Բռնության նշաններ երեխայի վրա չկան։ Մտածում ենք, որ որևէ ֆորս մաժորային իրավիճակի բացակայության դեպքում երեխան կբուժվի»,-ABC Media-ի հետ զրույցում պատմել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերեջյանը։
Աղջնակը 2550 գրամ է, հասակը՝ 40 սանտիմետր։ Նրան դեռ անուն չեն տվել։ Բժիշկն ասում է՝ եթե նախկինում նման դեպքերում հիվանդանոցն էր անուն տալիս, վերջին տարիներին դա սոցիալական ծառայության պարտականությունն է։ Բժիշկն ասում է՝ նման դեպքերում հաճախ են լինում մարդիկ, ովքեր երեխային հիվանդանոցից որդեգրելու ցանկություն են հայտնում, բայց երեխան դեռ բուժման փուլում է։ Ըստ կարգի՝ կտեղափոխվի մանկատուն, որից հետո միայն կկարողանան որդեգրել երեխային։
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են՝ ոստիկանները ուսումնասիրում են տարածքի տեսախցիկների տեսագրությունները՝ երեխային շենքի մոտ դրած անձին հայտնաբերելու համար։