Politico․ Եվրոպան ձմռանից առաջ Ուկրաինայի համար Patriot հրթիռներ է փնտրում, բայց սեփական պաշարները մոտենում են սահմանին

Եվրոպան փորձում է Ուկրաինայի համար գտնել Patriot-ի լրացուցիչ որսիչ հրթիռներ, քանի որ երկիրը շտապում է ամրապնդել հակահրթիռային պաշտպանությունը Ռուսաստանի սպասվող ձմեռային հարձակման նախաշեմին, գրում է Politico պարբերականը։

Սակայն, ինչպես փոխանցում է պարբերականը, եվրոպացի դաշնակիցներն իրենք էլ բախվել են նման զինամթերքի պակասին, իսկ ամերիկյան նոր հրթիռները բավական արագ չեն հայտնվի։

Ուկրաինային անհրաժեշտ են հարյուրավոր որսիչներ, առաջին հերթին՝ PAC-3 և PAC-2, որոնք ունակ են խոցել ռուսական բալիստիկ հրթիռները։ Հուլիսին ուկրաինական ՀՕՊ-ը որսացել է ռուսական 195 բալիստիկ հրթիռներից միայն 29-ը, ևս 40-ը չեն հասել իրենց թիրախներին, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանը շաբաթական ավելի շատ հրթիռ է արձակում մեր ուղղությամբ, քան մենք մի քանի ամսում ստանում ենք գործընկերներից», — հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը։

Գլխավոր մատակարարներից մեկը շարունակում է մնալ Գերմանիան, սակայն այժմ Բեռլինը ստիպված է ընտրություն կատարել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու և սեփական պաշտպանության ու ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունների կատարման համար նվազագույն պաշարները պահպանելու անհրաժեշտության միջև։

«Մենք իսկապես մոտենում ենք մեր հնարավորությունների սահմանին։ Մենք նաև պետք է ապահովենք մեր սեփական պաշտպանությունը», — հայտարարել է Բունդեսվերի գլխավոր տեսուչի տեղակալ Յուրգեն Շրյոդլը։

Նման իրավիճակ է ձևավորվում նաև եվրոպական այլ երկրներում։ Լեհաստանն արդեն Ուկրաինային փոխանցել է PAC-3 մի քանի հրթիռ, սակայն, լեհական ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը վերաբերում էր ընդամենը հինգ որսիչի։ Դա երկրում քաղաքական վեճեր է առաջացրել՝ ֆոնին այն մտահոգությունների, որ սեփական ՀՕՊ պաշարները բավարար չեն։

Այժմ ճնշումն ավելի ու ավելի է ուղղվում Իսպանիայի և Հունաստանի վրա։ Հունական ԶԼՄ-ների տվյալներով՝ Աթենքը Կիևից ստացել է մոտ 200 հին PAC-2 որսիչի հարցում։ Հունաստանը դեռ չի հայտարարել Ուկրաինային հրթիռներ փոխանցելու մասին։

Խնդիրը սրում է նաև Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը։ PAC-3 հրթիռների մեծ մասի արտադրությունը կենտրոնացված է ԱՄՆ-ում, իսկ ամերիկյան պաշարները լրջորեն կրճատվել են Իրանի հետ պատերազմից հետո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Ուկրաինայի՝ նոր Patriot-ներ ստանալու խնդրանքներին, հայտարարել է. «Մեզ նույնպես հրթիռներ են պետք»։

Ավելի վաղ Թրամփն ասում էր, որ Ուկրաինան լիցենզիայով կկարողանա արտադրել ամերիկյան Patriot որսիչներ։ Սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը զգուշացրել է, որ երկարաժամկետ արտադրության վերաբերյալ համաձայնագիրը մինչև ձմեռ չի կնքվի, իսկ առաջին հրթիռների արտադրությունն ավելի շատ ժամանակ կպահանջի։

Ուկրաինան արդեն կնքել է Գերմանիայում արտադրվող PAC-2 հրթիռների գնման համաձայնագիր, սակայն առաջին մատակարարումները սպասվում են ոչ շուտ, քան հաջորդ տարի։

Քանի դեռ նոր որսիչները հասանելի չեն, Կիևը դիտարկում է նաև ռուսական բալիստիկ հրթիռների դեմ պայքարի մեկ այլ միջոց՝ դրանց արձակման կայանքների ոչնչացումը, նշում են ԶԼՄ-ները։

Զուգահեռաբար Ուկրաինան զարգացնում է նաև սեփական Freyja համակարգը, սակայն այն դեռ պահանջում է լրացուցիչ ներդրումներ, փորձարկումներ և ինժեներական աշխատանքներ։

Politico-ի տվյալներով՝ եվրոպական երկրները փորձում են հրթիռներ հավաքել բառացիորեն հատ-հատ։

Ֆյոդորովի խոսքով՝ դաշնակիցների հետ նախորդ բանակցությունների ընթացքում քննարկվել է նույնիսկ առանձին պետություններից մի քանի որսիչ ստանալու հնարավորությունը։ Մասնավորապես, Գերմանիան առաջարկել է լրացուցիչ տրամադրել հինգ հրթիռ, եթե մյուս երկրները միասին Ուկրաինային փոխանցեն առնվազն 20-ը։

Այժմ Կիևը շարունակում է բանակցությունները Իսպանիայի, Հունաստանի և PAC հրթիռներ ունեցող այլ երկրների հետ։ Սակայն մանևրի հնարավորությունն ավելի ու ավելի է նվազում․ Patriot-ների պահանջարկը Մերձավոր Արևելքում աճում է, ԱՄՆ-ն վերականգնում է սեփական պաշարները, իսկ եվրոպական պետությունները վախենում են հնարավոր ռուսական հակամարտության դեպքում մնալ առանց բավարար պաշտպանության։

«Մենք բառացիորեն պայքարում ենք յուրաքանչյուր հրթիռի համար», — հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *