Ֆրանսիայում մեդուզաների զանգվածային կուտակման պատճառով դադարեցվել է Արևմտյան Եվրոպայի խոշորագույն ԱԷԿ-ի երեք էներգաբլոկի աշխատանքը

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Գրավլին» ատոմային էլեկտրակայանում ծովի ջրի ընդունման համակարգերում մեդուզաների զանգվածային կուտակումը ստիպել է EDF օպերատորին դադարեցնել վեցից երեք էներգաբլոկի աշխատանքը և նվազեցնել ևս մեկի հզորությունը, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

Երկուշաբթի դադարեցվել է №2, №3 և №4 ռեակտորների աշխատանքը, իսկ №1 էներգաբլոկի հզորությունը նվազեցվել է մինչև 50%։ №6 ռեակտորը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ, մինչդեռ №5 ռեակտորը գտնվում է պլանային տեխնիկական սպասարկման փուլում։

EDF-ում հավաստիացրել են, որ իրավիճակը «ոչ մի ազդեցություն չունի կայանքի, անձնակազմի կամ շրջակա միջավայրի անվտանգության վրա»։

Հյուսիսային ծովի ափին գտնվող «Գրավլին» ԱԷԿ-ը Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր ատոմային էլեկտրակայանն է։ Ուղիղ մեկ տարի առաջ կայանն արդեն բախվել էր նմանատիպ խնդրի. մեդուզաների զանգվածային կուտակումն այն ժամանակ հանգեցրել էր չորս ռեակտորի ավտոմատ անջատման։ Դրանց վերագործարկումը կատարվել էր աստիճանաբար, իսկ վերջին էներգաբլոկը մոտ տասը օր անց կրկին միացվել էր ազգային էներգահամակարգին։

Ֆրանսիայի հյուսիսային ափերի մոտ մեդուզաների հայտնվելը սեզոնային երևույթ է, սակայն վերջին տարիներին այս շրջանում խոշոր կուտակումներն ավելի հաճախ են արձանագրվում։ Մասնագետները մեդուզաների տարածմանը նպաստող գործոնների թվում նշում են կլիմայի փոփոխության ֆոնին օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը։

Ներկայիս միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական ԱԷԿ-երի հասանելի հզորության ռեկորդային կրճատման ֆոնին՝ երաշտի և շոգի պատճառով։ EDF-ի տվյալներով՝ կիրակի բարձր ջերմաստիճանների և ջրի մակարդակի նվազման պատճառով երկրի միջուկային գեներացիայի 15,6%-ը անհասանելի էր, ինչը 2015 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *