Լսելով տիկին Ջուլհակյանի ելույթը՝ ես հասկացա, որ նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլև վտանգավոր։ Նա սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Դրա մասին օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստում, պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հզոր Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ նկատի ունենալով վերոնշյալ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին հավակնող իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին։
Ղազարյանի կարծիքով՝ այս տեսակետը կիսում են նաև «ՔՊ»-ի բոլոր ներկայացուցիչները, ինչը, նրա համոզմամբ, երկրի համար լրջագույն սպառնալիք է։
Բանն այն է, որ Ջուլհակյանը, ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթի ընթացքում, հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը։
Ղազարյանը շեշտեց, որ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելը կհանգեցնի Հայաստանի՝ որպես պետության, վերացմանը։
«Այն պահին, երբ դա տեղի ունենա, Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ»,- հայտարարել է պատգամավորը։
Ղազարյանը պարզաբանեց, որ դրանից հետո Ադրբեջանը կկարողանա ուղիղ հայտարարել՝ այն պետությունը, որի արտգործնախարարը 2025 թվականին նախաստորագրել էր խաղաղության համաձայնագիրը, այլևս գոյություն չունի։ Հետևաբար, նրա կարծիքով, Ադրբեջանն այլևս պարտավորություն չի ունենա Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։
«Այսպիսով, այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի հետ»,- զգուշացրել է ընդդիմադիր պատգամավորը։
Նա կոչ է արել «ՔՊ»-ի ներկայացուցիչներին զգոնություն ցուցաբերել՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև իրենց պետությունն է։