«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն Ադրբեջանի նախաձեռնությունն էր, Նախիջևանն Ադրբեջանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումն Ադրբեջանի նախաձեռնությունն էր․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ադրբեջանի հիմնական մասը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահորեն և հմտորեն շարժվեցինք դեպի այս նպատակը, և արդեն մոտ ենք դրան։ Դուք, իհարկե, հիշում եք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին Ադրբեջանի նախագահը, Ռուսաստանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին եռակողմ հայտարարություն։ Իրականում, Հայաստանի համար սա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։ Աղդամի (Ակնա), Քելբաջարի (Քարվաճառի) և Լաչինի (Բերձոր) շրջանները, որոնք այդ ժամանակ դեռևս օկուպացիայի տակ էին, մեզ վերադարձվեցին առանց մեկ կրակոցի։ Բնականաբար, Հայաստանը դա կամավոր չարեց, մենք ստիպեցինք։ Եթե պատերազմում մեկին ստիպում եք, դա նշանակում է, որ մյուս կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այս եզրույթի մեջ անհրաժեշտ չէ որևէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ տեսնել։ Սա պարզապես իրականությունն է։ Մենք պետք է իմանանք պատմությունը այնպես, ինչպես այն կա, և երբեք չպետք է մոռանանք այն, և երբեք չպետք է թույլ տանք, որ նման փորձերը խեղաթյուրեն պատմությունը»,- ասել է Ալիևը։

Նա անդրադարձել է նաև Շուշիի անկումից հետո Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եռակողմ բանակցություններին․ «Ես կտրականապես պնդեցի, որ ստորագրված հայտարարության մեջ պետք է ներառվի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցք։ Հայկական կողմը դժկամությամբ համաձայնեց դրան։ Բայց նրանք շատ այլընտրանքներ չունեին։ Եթե պատերազմը շարունակվեր, մենք անպայման կորուստներ կունենայինք, բայց Հայաստանի կորուստները շատ ավելի մեծ կլինեին։ Որովհետև նրանց զորքերը, այսպես ասած, շրջապատված էին, և նրանց ոչնչացումը լիովին հնարավոր էր։ Հետևաբար, նույնիսկ առանց մտադրության, Հայաստանը տվեց իր համաձայնությունը, և այդ հայտարարությունը հայտնի է. այն պարունակում է կոնկրետ կետ»։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո 5 տարիների ընթացքում, սակայն, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար գործնական քայլեր չեն ձեռնարկվել։ «Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցը և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ. ժամանակն անցնում է, այս հայտարարությունը և դրա կարևոր մասը չի իրականացվում, և դա անհանդուրժելի է։ Մենք տարբեր ժամանակներում տարբեր արձագանքներ ենք ստացել։ Ես չեմ ուզում այս մասին երկար խոսել։ Փաստն այն է, որ Հայաստանը ամեն կերպ փորձեց հետաձգել այս գործընթացը։ Մյուս կողմից՝ ռուսական կողմը կա՛մ չկարողացավ ապահովել դա, կա՛մ կային այլ պատճառներ։ Փաստն այն է, որ այս հարցը սառեցված մնաց մինչև անցյալ տարվա օգոստոսը»։

ԱՄՆ-ն, իհարկե, փորձեց նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և հայտարարեց դա անելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանն ուներ մի քանի կարևոր պայման, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքը»։

Ալիևի խոսքով՝ այս հարցը լուծվեց Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Այս նախագծի իրականացումը, որը հայտնի է որպես TRIPP, հաջողությամբ մեկնարկեց։ Վերջերս՝ օգոստոսի 8-ին, այս հարցը նա բարձրացրել է նաև նախագահ Թրամփի հետ զրույցի ժամանակ, և երկու կողմերն էլ «ընդգծել են իրենց վստահությունը, որ այս կարևոր տրանսպորտային նախագիծն անպայման և արագ կիրականացվի»։

Ինչ վերաբերում է երկաթուղու կառուցմանը, ապա աշխատանքներն այժմ ընթանում են։
«Մենք կարող ենք արագացնել այս նախագիծը ցանկացած պահի։ Մենք պարզապես անհրաժեշտություն չենք տեսնում հայկական հատվածի անպատրաստ լինելու պատճառով», – հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ երկաթուղին «հաջորդ տարի կհասնի նաև Հայաստանի սահման»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *