«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել Թրամփին


Ամերիկյան պարբերականները բացահայտել են Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Դոնալդ Թրամփի գաղտնի տարհանման մանրամասները։ Սա այս օրերին միջազգային առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում է։ Որպես հատուկ գործողության պատճառ ներկայացվում է Իրանի կողմից հնարավոր մահափորձի սպառնալիքը։ ԱՄՆ հատուկ ծառայությունները նախագահի անվտանգությունն ապահովելու համար կիրառել են խիստ գաղտնի սխեմա․ Թրամփին տեղափոխել են մեկ այլ ինքնաթիռ, իսկ պաշտոնական Air Force One-ը թողել որպես «խայծ»։

Կատարի նվերն ու անվտանգության խնդիրը

ԱՄՆ նախագահը Թուրքիա էր մեկնել Կատարի նվիրած Boeing 747-8-ով՝ նախագահական նոր ինքնաթիռով։ Սակայն Անկարայից մեկնելիս հայտարարվեց, որ Թրամփն ԱՄՆ կվերադառնա հին Air Force One-ով։ Ավելի ուշ պարզվեց՝ անվտանգության մասնագետները լուրջ կասկածներ են ունեցել նոր օդանավի պաշտպանվածության առնչությամբ։ Թրամփն էլ ավելի ուշ հաստատել է, որ ինքնաթիռը դեռ լրացուցիչ ապահովումների կարիք ունի։

Իրանը գիտեր Թրամփի գտնվելու վայրը

New York Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ է ունեցել, որ իրանական կողմը գիտեր Թրամփի գտնվելու ճշգրիտ վայրը, ավելին՝ հյուրանոցի կոնկրետ հարկը։ Արտակարգ տարհանման հիմնական պատճառը, ըստ հրապարակումների, եղել է հնարավոր հարձակման վտանգը։ ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստացել, որ օդանավակայանի տարածքում կարող է լինել դյուրակիր զենիթահրթիռային համալիրով զինված անձ, թիրախը՝ նախագահական ինքնաթիռը։

Նախագահական ինքնաթիռը՝ որպես «խայծ»

Անկարայի օդանավակայանում Թրամփը ցուցադրաբար բարձրացել է Air Force One, սակայն դրանից հետո գաղտնի տեղափոխվել է ավելի փոքր C-32A ռազմական ինքնաթիռ։ Ըստ հրապարակումների՝ նրան տեղափոխել են սննդի մատակարարման բեռնատարի բարձրացվող հարթակով։ Այդ ընթացքում Air Force One-ում մնացել են լրագրողներն ու Սպիտակ տան աշխատակիցները, իսկ օդանավը շարունակել է թռչել այնպես, կարծես նախագահը դրա մեջ է։

Գաղտնիության նեղ շրջանակը

Գործողության մասին տեղյակ է եղել ԱՄՆ ռազմական և անվտանգության բարձրագույն պաշտոնյաների խիստ նեղ շրջանակ։ Ըստ հրապարակումների՝ նրանց մեջ էին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դան Քեյնը։

Որպեսզի օդային հետքերն ու ռադարային տվյալները չբացահայտեին նախագահի գտնվելու իրական վայրը, լրագրողների և պաշտոնյաների ինքնաթիռը շարունակել է օգտագործել նախագահական AF1 կանչի ազդանշանը, մինչդեռ Թրամփի C-32A-ն մեկնել է Reach18 կանչի ազդանշանով։

Փակ պատուհաններ և Թրամփի կատակը

Թռիչքից առաջ անվտանգության աշխատակիցները լրագրողներին և Սպիտակ տան աշխատակիցներին խնդրել են ամբողջությամբ իջեցնել պատուհանների վարագույրները։ Թրամփն արդեն թռիչքից հետո լրագրողներին ասել է՝ դրա պատճառն այն, իր ձևակերպմամբ, «սրիկաներն» են, որոնց հետ ԱՄՆ-ն գործ ունի, և ինչի պատճառով թռիչքը կարող էր վտանգավոր լինել։ Թրամփն ասել է՝ գիտի, որ ինքն Իրանի «առաջին թիրախն» է, ուստի հետևում է Գաղտնի ծառայության ու զինվորականների հրահանգներին։ Նաև ժպիտով հավելել է՝ սա առաջին նման դեպքը չէ։

Միլդենհոլ․ նորից Air Force One

Անկարայից թռչելուց հետո օդանավերը միջանկյալ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի Միլդենհոլ բազայում։ Այստեղ Թրամփը կրկին նստել է Air Force One և արդեն պաշտոնական նախագահական ինքնաթիռով շարունակել ճանապարհը Վաշինգտոն։

Այս հատուկ գործողության մասին տեղեկությունը հրապարակվեց միայն շաբաթներ անց։

Թեհրանի արձագանքը

Իրանն այս թեմայով ուղղակի մեկնաբանություն կամ հերքում պաշտոնապես չի տարածել։ Միաժամանակ Թրամփի նկատմամբ Իրանի կողմից հնչած վրեժխնդրության հայտարարությունների ֆոնին ամերիկյան կողմը սպառնալիքը դիտարկել է որպես իրական։

Լրագրողները «խայծի» մեջ

Գործողությունը, սակայն, հարցեր է առաջացրել լրագրողների անվտանգության վերաբերյալ։ Սպիտակ տան լրագրողների ասոցիացիան և մամուլի պաշտպանները քննադատել են, որ լրագրողները մնացել են այն օդանավում, որը, ըստ հրապարակումների, կարող էր օգտագործվել որպես «խայծ»։ Հիմնական հարցը հետևյալն է․ եթե հնարավոր հարձակման վտանգն այնքան լուրջ էր, որ նախագահին գաղտնի տեղափոխեցին այլ ինքնաթիռ, ինչո՞ւ նույն վտանգի տակ թողնվեցին լրագրողներն ու Սպիտակ տան աշխատակիցները։

armradio.am


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *