
Դեռեւս 10 տարի առաջ սինգուլյարությունը (դա այն սահմանն է, որում դադարում է աշխատել hարաբերականության ընդհանուր տեսությունը` տարածություն-ժամանակի կորությունը դառնում է անվերջ) թվում էր ինչ-որ հեռավոր ու քիչ հավանական երեւույթ։ Սակայն ներկայում աշխարհն արդեն հասել է այն կետին, որի մասին նախկինում միայն կատակով էին խոսում՝ խոհանոցում նստած զրուցելիս։ Այս մասին հայտարարել է ChatGPT-ի մշակող OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը, ըստ Business Insider-ի փոխանցման։
Գործարարը նշել է, որ այսօր իրապես կարելի է ասել, որ աշխարհը հասել է տեխնոլոգիական սինգուլյարության։ Տեխնոլոգիական սինգուլյարությունը գիտական վարկած է, ըստ որի՝ մարդկությունն այդ երեւույթին կհասնի այն պահին, երբ տեխնոլոգիական զարգացումը կդառնա անկառավարելի եւ անշրջելի, ինչը կհանգեցնի մարդկային քաղաքակրթության մեջ լուրջ փոփոխությունների։ Այլ խոսքով ասած, ըստ տեխնոլոգիական սինգուլյարության, արհեստական բանականությունը, ռոբոտները եւ տեխնոլոգիական մյուս լուծումները կդառնան այնքան խելացի, որ մարդիկ չեն կարողանա դրանք վերահսկել կամ հասկանալ դրանք։ Business Insider-ը մանրամասնում է, որ տեխնոլոգիական սինգուլյարության թեման մոտ հարյուր տարի առկա է ֆանտաստ գրողների թեմաներում, սակայն հազվադեպ է այդ թեման արծարծող գրական երկերում ավարտը դրական լինում։ Դրանցից են Ջեյմս Քեմերոնի «Տերմինատորը» ֆիլմը նաեւ, որում ներկայացվում է «Սքայնեթ» արհեստական բանականության տեխնոլոգիայի ի հայտ գալը, որն ի վերջո սկսում է ինքնակատարելագործվել, կորցնում է կառավարումը, դառնում ինքնակառավարվող եւ ձեռք բերում ինքնագիտակցություն։ Վերջում էլ «Սքայնեթը» որոշում է, որ իր ստեղծողները, այսինքն՝ մարդիկ, իր համար ներկայացնում են ամենամեծ սպառնալիքը։
OpenAI-ի ղեկավարն ասել է, որ ինքն ամենայն լրջությամբ է վերաբերվում թեմային եւ ամբողջ կյանքում սպասել է, թե երբ է գալու այդ ժամանակը։ Ալթմանը նշել է, որ տեխնոլոգիական սինգուլյարությունն ինչ-որ անհավանական եւ արտակարգ դրական բան է լինելու, որը ցնցելու է ողջ աշխարհը։ Հիշեցնենք, որ նա բազմաթիվ անգամներ է ասել, որ 2030 թվականին արհեստական բանականությունը սկսելու է գերազանցել մարդկային բանականությանը՝ բոլոր առումներով։ Ալթմանը նշել է նաեւ, որ վերջնական արդյունքում տեխնոլոգիաները կկարողանան կատարել 30-40 տոկոսն այն բոլոր խնդիրների, որոնք ներկայում կարգավորում կամ լուծում են մարդիկ։ Նա նաեւ ասել է, որ սխալ է համարում այն նախազգուշացումները, թե արհեստական բանականության տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը կարող է վտանգավոր լինել, պարզապես նման այլընտրանքային սցենարների նկարագրությունները վախեցնում են մարդկանց։