Մոսկվայի Կունցևոյի դատարանը կալանավորել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Իգոր Ալբինի որդուն՝ Ալեքսանդր Խոտինին, որը կասկածվում է Մոսկվայում տղամարդու սպանության մեջ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով դատարանում իր աղբյուրին։
Դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը և Խոտինի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկու ամիս ժամկետով կալանքը։ Կասկածյալն ինքը խնդրել է իրեն տնային կալանքի ուղարկել և նիստի ընթացքում արտասվել է։
Դատախազը հայտնել է, որ Խոտինը նախկինում բուժում է անցել թմրամոլությունից։ Պաշտպանությունը հայտարարել է, որ նա ունի հոգեկան խանգարում։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ի երեկոյան՝ Խոտինի բնակարանում, որը գտնվում է Գովորովի փողոցում։ Նախնական տվյալներով՝ բնակարանի տիրոջ և նրա հյուրի միջև ընդհարում է եղել, որի ընթացքում Խոտինը դանակով վիրավորել է տղամարդուն։ Տուժողը կարողացել է դուրս գալ բնակարանից և շտապօգնություն կանչել, սակայն հիվանդանոցում մահացել է։
Ինչպես ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմինները, մահացածը առաքիչ էր, որը Խոտինին էր հասցրել համացանցով պատվիրված սմարթֆոնները։ Նախնական վարկածով՝ ընդհարումը ծագել է ապրանքի վճարման պատճառով։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ։
Ըստ բաց աղբյուրների՝ Ալեքսանդր Խոտինը Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախկին նախարար և Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Իգոր Ալբինի և նրա կնոջ՝ Իրինա Խոտինայի որդին է։