Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ պետք է աշխատանքները ակտիվացվեն. Կազմակերպչական առումով մենք պաշտպանության գերատեսչությանը թողել ենք միայնակ, և կարծես թե, նման դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ բարդում ենք պաշտպանության գերատեսչության վրա: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան դեպքերին և այդ մասով պաշտոնյաների շրջանում անհատական պատասխանատվություն սահմանելուն:
«Իհարկե, պաշտպանության գերատեսչության պատասխանատվության գոտում են գտնվում զինծառայողները, բայց ինչպես ես նկատել եմ, և ինչպես մի շարք վիճակագրական տվյալներ են ցույց տալիս, դա համակարգային խնդիր է։ Մենք պետք է լուրջ փորձագիտական հարթակ ստեղծենք, պարզենք պատճառները և նպաստող պայմանները և վերացնենք։ Միանշանակ է, որ այս աշխատանքի մեջ պետք է ներգրավվեն շատ ու շատ մարմիններ և գերատեսչություններ՝ սկսած կրթության նախարարությունից, առողջապահության նախարարությունից, վերջացրած պաշտպանական գերատեսչությամբ և հատուկ ծառայություններով»,–ասաց նա։
Խոսելոբվ նման դեպքերի պատճառների մասին, Արմեն Խաչատրյանն ասաց. «Տեսեք, հնարավոր է, որ երիտասարդները, թե քրեական ենթամշակույթի արժեքներ կրող, թե հոգեբանական խնդիրներ ունեցող, գալիս են զինված ուժեր, այնտեղ արդեն ավելի սուր և ընդգծված պայմաններ են, և սրանից ելնելով տեղի են ունենում կոնֆլիկտներ ու հարցը հասնում է մինչև ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելուն։
Մենք նախ խնդիրը պետք է դնենք, որ զինված ուժեր մուտք գործելիս քաղաքացին որոշակի առումով պատրաստ լինի իր կամային, բարոյական, դաստիարակչական հատկանիշներով բանակում ծառայելու։ Այս ուղղությամբ կարծում եմ մեծ աշխատանք ունենք անելու։ Շատ արագ պետք է ինչ-որ փորձագիտական հարթակ ձևավորենք և հասկանանք, թե որտեղ են թերացումները և ի՞նչ պետք է արվի։
Այս պահի դրությամբ տպավորություն այն է, որ մենք բանակին, զինված ուժերին թողել ենք միայնակ, ասում ենք՝ ինչ լինի, բանակն է մեղավոր։ Բայց ոչ, մարդիկ արդեն խնդիրներով գալիս են բանակ, քրեական ենթամշակույթ կրելով, հոգեբանական խնդիրներով գալիս են բանակ։
Մենք պետք է բանակին տանք առողջ հոգեբանությամբ և դաստիարակությամբ երիտասարդների։ Երբ այդպիսին չենք տալիս, դեպքերը անխուսափելիորեն լինում են»։