Գուսան Շերամի փողոց 28/7 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը 43 տարեկան էր, ամուսնացած չէր, միայնակ էր ապրում, Հայաստանում հարազատ չուներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին հարեւանները։ Բնակիչներից մեկի խոսքով 43-ամյա տղամարդը տանիքից ընկելու պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 12-ին ժամը 19:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն, բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գուսան Շերամի փողոց 28/7 հասցե, որտեղ դրսում փորձել են օգնություն ցուցաբերել վիրավոր տղամարդուն, սակայն պարզվել է, որ նա մահացած է։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 19.24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուսան Շերամի փողոցի հասցեներից մեկում տղամարդ է ընկել։ Պարզվել է, որ տղամարդն ընկել է ավտոտնակի տանիքից և մահացել, ինչը արձանագրել են նաև տարածքում առկա տեսահսկող սարքերը։