Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի վարկանիշը շարունակում է նվազել։ Forsa ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ գերմանացիների 85%-ը դժգոհ է նրա աշխատանքից․ սա ամենավատ ցուցանիշն է նրա պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Դեռ ապրիլին այդ ցուցանիշը 80% էր, հաղորդում է Bild-ը։
Ավելի ու ավելի քիչ քաղաքացիներ են կարծում, որ իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը կարող է հաղթահարել երկրի խնդիրները։ Հարցվածների միայն 12%-ն է հայտարարել, որ հենց «Միությունն» է լավագույնս կարող լուծել Գերմանիայի գլխավոր խնդիրները։ Համեմատության համար՝ Անգելա Մերկելի կառավարման ավարտին՝ 2021 թվականին, այդպես էր կարծում գերմանացիների 41%-ը։ AfD-ի դեպքում այդ ցուցանիշը կազմել է 13%, իսկ ՍԴԿ-ի դեպքում՝ ընդամենը 5%։
Դժգոհությունը վերաբերում է ոչ միայն կառավարությանը․ հարցման մասնակիցների 84%-ը կարծում է, որ ոչ մի կուսակցություն բավարար չափով չի զբաղվում մարդկանց խնդիրներով և շահերով։
Միևնույն ժամանակ, եթե Բունդեսթագի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա AfD-ն կստանար ընտրություններին մասնակցելու պատրաստ քաղաքացիների ձայների 28%-ը՝ առաջ անցնելով ՔԴՄ/ՔՍՄ-ից (21%) և «Կանաչներից» (16%)։ Եվս 30%-ը հայտարարել է, որ ընդհանրապես չէր գնա քվեարկելու։