Խաղաղ օվկիանոսում ձևավորվել է «Էռնան» արևադարձային փոթորիկը, սակայն առայժմ ցամաքին վտանգ չի սպառնում։ Միաժամանակ մեկ այլ արևադարձային համակարգ մոտենում է Հավայներին և կարող է կղզիներ բերել հորդառատ անձրևներ, ուժեղ քամի և վտանգավոր ալիքներ, հաղորդում է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ «Էռնանը» ձևավորվել է Կալիֆոռնիայի թերակղզու հարավային ծայրակետից մոտ 2350 կմ դեպի արևմուտք։ Քամու կայուն արագությունը կազմում է մոտ 64 կմ/ժ։ Փոթորիկը շարժվում է դեպի արևմուտք։
Մինչ այդ պոտենցիալ Արևադարձային ցիկլոն 1-C-ը գտնվում էր Հավայներից մոտ 1250 կմ հարավ-արևելք։ Համակարգը դեռևս բավարար չափով կազմակերպված չէ՝ արևադարձային փոթորիկ համարվելու համար, սակայն օդերևութաբանները սպասում են դրա ուժեղացմանը։
Ուրբաթից սկսած Հավայներում հնարավոր են ուժեղ հեղեղումներ, փոթորկային քամի և ծովի վտանգավոր ալեկոծություն։ Առանձին շրջաններում կարող է տեղալ 130-250 մմ տեղումներ, իսկ որոշ վայրերում՝ մինչև 510 մմ։ Դա ջրհեղեղների և սողանքների վտանգ է ստեղծում։
Ըստ կանխատեսումների՝ համակարգը շաբաթ օրը կարող է ցամաք դուրս գալ Հավայի կղզու հարավային հատվածում՝ արդեն որպես արևադարձային փոթորիկ։
Միաժամանակ Ատլանտյան օվկիանոսում «Քրիստոբալ» արևադարձային փոթորիկը թուլացել է, հասնելով արևադարձային իջվածքի։ Այն գտնվում էր Ազորյան կղզիներից մոտ 980 կմ արևմուտք, և ակնկալվում է, որ շուտով կցրվի։