Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի։ Այս մասին նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով բազմակողմ ձևաչափերում համագործակցությունների վերաբերյալ դրույթները, որոնք տեղ են գտել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։
«ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես գիտեք, սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։ Եվ սա արձանագրված է մեր նախընտրական ծրագրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով բազմակողմ մյուս ձևաչափերում Հայաստանի մասնակցությանը՝ Փաշինյանը նշել է, որ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը կարևոր է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
«ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ակտիվ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը դարձավ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և կշարունակի աշխատանքներն այդ ձևաչափում,- ասել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ 2026 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՄԱԿ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ (COP 17) համաժողովի նախագահությունը՝ շուրջ երկու տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գլոբալ որոշումների ընդունման կենտրոնական դերակատարում ունեցող երկիր, ինչը Հայաստանին բերելու է և՛ բնապահպանական, և՛ միջազգային մակարդակում լավագույնս դիրքավորվելու մեծ հնարավորություններ։
«Հետաքրքրված ենք նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցությամբ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը կդիտարկի բազմակողմ այլ ձևաչափերում իր մասնակցության կամ դրանց հետ համագործակցության հարցը»,- նշել է ՀՀ վարչապետը։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։