Խոսել ենք,որոշում է կայացվել,որի համար վարչապետին շնորհակալ եմ. Ալեն Սիմոնյանն` իր նոր պաշտոնի մասին. Factor

Խոսել ենք, քննարկել ենք վարչապետի հետ, և այդպիսի որոշում է կայացվել. շնորհակալ եմ վարչապետին նման որոշում կայացնելու համար, ավելացնելու բան չունեմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13–ին, Factor.am–ի հետ զրույցում նշել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը նշանակվել է ԱԽ քարտուղարի պաշտոնում։

Նա չցանկացավ անդրադառնալ հարցին, թե ինչու է իրեն վստահվել այդ պաշտոնը. «Եկեք էդ մասը բաց թողնեմ, Նոր, մի քանի րոպե առաջ է հրամանը եղել, դուք ինձ դրսում տեսել եք, հիմա միանգամից փակագծեր չփացեմ, հետո առիթ կունենանք զրուցելու»։

Հարցին՝ հնարավոր է, որ իրեն նշանակել են ՌԴ–ի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, քանի որ ինքը դրական կապեր ունի Ռուսաստանում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որևիցե նման բան ասել չեմ կարող, որովհետև մենք ի սկզբանե որևիցե երկրի հետ, որևիցե հարաբերություն փչացնելու նպատակ ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենք և մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Հուսամ՝ ինձ կհաջողվի պարոն Գրիգորյանից հետո իմ փոքրիկ լուման ներդնել և հարաբերությունները էլ ավելի լավացնել։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի նոր Ազգային ժողովը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ կարծիք պետք է ունենամ, շատ հետաքրքիր Ազգային ժողով ունենք, շատ ակտիվ, լավ է, որ ընդդիմությունը սկսել է աշխատել, վերադարձել են և քաղաքական պրոցեսների մաս են դարձել։ Կարծում եմ դա միայն օգուտ կտա մեր երկրին, որ երկու կողմն էլ աշխատեն՝ համ իշխանությունը, համ ընդդիմությունը։ Պարոն Ռուբինյանի գործունեությունը շատ գրական եմ գնահատում, նաև իմ գործընկերների գործունեությունը։ Կուզենամ շատ ավելի մարդկանց համար հասկանալի լեզվով բոլորը խոսեն, ինչը կարծում եմ՝ մենք կտեսնենք»։

Ինչ վերաբերում է նրան, որ հիմա ԱԺ–ում որոշել են բարեկիրթ լինել, իսկ իր օրոք այդպես չէր, Ալեն Սիմոնյանն ասաց. «Դուք մոռանում եք, որ իմ 2021 թվականին ձևավորված պառլամենտը հետպատերազմյան պառլամենտ էր և լարվածությունը մաքսիմումի էր հասած։ Դուք հիշում եք՝ մենք ընտրություններից հետո կրակոցներ ունեցանք, ընտրությունների ժամանակ կրակոցներ ունեինք սահմաններում, պատերազմը չէր դադարել, իսկ հիմա սա խաղաղ երկրի պառլամենտ է և խաղաղ երկրի պառլամենտը հուսամ ավելի խաղաղ կլինի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *