Բավարիայի Տրոյխտլինգեն քաղաքի շրջանում երկաթուղային գծերի վրա օգոստոսի 13-ի առավոտյան կասկածելի մետաղական առարկա են հայտնաբերել, գրում է Deutsche Welle-ն։
Սկզբում ոստիկանությունը չէր բացառում, որ այն կարող է պայթուցիկ սարք լինել։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են մոտակա մի քանի տների բնակիչները, իսկ տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը լիովին դադարեցվել է։ Դեպքի վայր են ժամանել սակրավորներ և դաշնային ոստիկանության աշխատակիցներ։ Կասկածելի առարկան գծերից հեռացրել են հատուկ ռոբոտի օգնությամբ և զննել, դրանց թվում՝ ռենտգեն սարքավորումների կիրառմամբ։
Մոտ 13:30-ին ոստիկանությունը հայտնել է, որ մտահոգությունները չեն հաստատվել․ հայտնաբերված առարկան պայթուցիկ սարք չի եղել։
Միաժամանակ Միջին Ֆրանկոնիայի ոստիկանությունում հայտարարել են, որ նախնական վարկածով առարկան կարող էին դիտավորյալ տեղադրել գծերի վրա՝ լայնածավալ ոստիկանական գործողություն հրահրելու համար։ Գտածոյի մոտ նաև բջջային հեռախոս է հայտնաբերվել։
Տեղում շարունակվել են հավանական չարագործների հետքերի արձանագրման աշխատանքները։ Երկաթուղային երթևեկությունը շարունակում էր սահմանափակված մնալ։