Իտալացի գործարար Վալտեր Լավիտոլան քննիչներին խոստովանել է, որ հայտնի հետաքննող լրագրող, պետական Rai հեռուստաալիքով հեռարձակվող Report ծրագրի վարող Սիջֆրիդո Ռանուչչիի տան մոտ պայթյունն ինքն է կազմակերպել։ Դրա մասին հայտնել է գործարարի փաստաբան Սերջո Կոլան, գրում է The Guardian-ը։
Պաշտպանի ասելով՝ Լավիտոլան, ենթադրաբար, դիմել է այդ հանցագործությանը Ռանուչչիի անվտանգության համար․ նա ցանկացել է հասնել լրագրողի պահպանության ուժեղացմանը, որին, ինչպես պնդվում է, սպառնում էր մաֆիան։
Անցյալ տարվա հոկտեմբերին Հռոմից ոչ հեռու գտնվող քաղաքում Ռանուչչիի տան մոտ գործի է դրվել ինքնաշեն հզոր պայթուցիկ սարք։ Արդյունքում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են լրագրողի ավտոմեքենան և մեկ այլ ավտոմեքենա, որը պատկանում էր նրա դստերը։ Սկզբում քննությունը ենթադրում էր, որ հարձակման հետևում կանգնած է մաֆիան։
Հունիսի վերջին գործով ձերբակալվել է ևս չորս մարդ, որոնց քննությունը համարում է հարձակման անմիջական կատարողներ։ Իրավապահների վարկածով՝ նրանց վարձել էր Լավիտոլան։
Ինքը՝ գործարարը, հերքում է, որ պայթյունի նպատակը Ռանուչչիի հանրաճանաչությունը բարձրացնելն ու նրան քաղաքականություն հնարավոր անցմանը նախապատրաստելն էր։ Միաժամանակ, քննության շրջանակում ուսումնասիրվել են հեռախոսային խոսակցություններ, որոնցից մեկում Լավիտոլան, իբր, լրագրողին ասել է. «Երկու տարի հետո դու վարչապետ կլինես»։
Քննությունը չի կարծում, որ Ռանուչչին գիտեր հարձակման նախապատրաստման մասին։ Նրա փաստաբան Ռոբերտո Դե Վիտան հայտարարել է, որ եթե Լավիտոլայի շարժառիթը հաստատվի, լրագրողը՝ նախ հարձակման, ապա ընկերոջ կողմից դավաճանության և, վերջապես, լրատվամիջոցներում ու քաղաքական շրջանակներում իրականացված արշավի «եռակի զոհ» է դարձել, որի ընթացքում նրան փորձել են ներկայացնել որպես իր իսկ դեմ իրականացված հարձակման շահառու։
Ռանուչչին հայտնի է հանցագործությունների և կոռուպցիայի վերաբերյալ դրանց թվում՝ իտալական կառավարության ներկայացուցիչներին առնչվող հետաքննություններով։ Այդ գործը լայն հասարակական արձագանք է ստացել Իտալիայում լրագրողների անվտանգության և մամուլի ազատության շուրջ քննարկումների հետնապատկերին։