ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հաջորդ շաբաթ այցով կմեկնի Երուսաղեմ։ Նրան կուղեկցեն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ինչպես նաև ՄԱԿ-ի նախկին բանագնաց Նիկոլայ Մլադենովը, որն այժմ զբաղեցնում է Գազայի հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով «Խաղաղության խորհրդի» պաշտոնական ներկայացուցչին։
Երուսաղեմում հանդիպումների գլխավոր թեման կլինի նախագահ Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի քննարկումը, որը 2025 թվականի սեպտեմբերին հավանության է արժանացել Իսրայելի վարչապետի կողմից։
Սակայն վերջին շրջանում Բենիամին Նեթանյահուն մերժել է Իրանի վերաբերյալ այլընտրանքային՝ 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը, որը հետապնդում էր նույն նպատակները։ Արդյունքում առաջիկա հանդիպումները կկայանան ծանոթացման բնույթի խորհրդակցությունների և հետագա քայլերի քննարկման ձևաչափով։
Խաղաղության խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ անփոփոխ մնում է մեկ բան․ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համակարծիք են ՀԱՄԱՍ-ի ապառազմականացման անհրաժեշտության հարցում։
Իսրայելում բանակցություններից հետո այս եռյակը կմեկնի Կահիրե, որտեղ կհանդիպի Եգիպտոսի ղեկավարության և այլ միջնորդների հետ՝ փորձելով իրագործել ճանապարհային քարտեզը և քննարկել հաջորդ քայլերը։
Խաղաղության խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ վերջնական նպատակը Գազայի հատվածի վերականգնումը հնարավոր դարձնելն է՝ հանուն նրա բնակիչների։