Թմբուկների աշտարակը (Drum Tower, կամ Գուլոու — 鼓楼) պարզապես թանգարանային նմուշ չէ, այլ հին Պեկինի հիրավի կենդանի զարկերակը։ Դունչեն շրջանի այս խորհրդանշական տեսարժան վայրը կարծես հատուկ ստեղծված լինի զարմացնելու համար․ այն գտնվում է հին քաղաքի կենտրոնական առանցքի հյուսիսային ծայրում՝ Դյանմեն փողոցից հյուսիս, և արդեն առաջին հայացքից գերում է իր վեհությամբ։
Մի պահ պատկերացրեք․ 1272 թվական, Յուան հարստության ժամանակաշրջան, Խուբիլայ խանի իշխանություն։ Դադու մայրաքաղաքում կառուցում են աշտարակ, որն այն ժամանակ հպարտորեն կոչվում էր «Ճիշտ կառավարման աշտարակ» (Qizhenglou) և խորհրդանշում էր յոթ երկնային մարմինները՝ մետաղը, փայտը, ջուրը, կրակը, հողը, արևը և լուսինը։ Դարեր են անցնում, և աշտարակի պատմությունը հարստանում է նոր գլուխներով․ 1420 թվականին, Յունլե կայսեր օրոք, այն տեղափոխում են ավելի արևելք, իսկ 1800-ին՝ Ցզյացին կայսեր ժամանակ, լայնածավալ վերակառուցում են իրականացնում։ Այստեղ յուրաքանչյուր քար կարծես շշնջում է անցյալի մասին։
Իսկ ինչպե՞ս էր գործում այս հին «ժամացույցային ծառայությունը»։ Սկզբում՝ բրոնզե ջրային ժամացույց (ըստ ավանդության՝ ստեղծված դեռ Սուն հարստության օրոք), որոնց միջև կախված էր հսկայական բրոնզե գոնգը․ այն ժամանակն ազդարարում էր յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ։ Հետո դրանց փոխարինեցին ծխեցվող պարանները՝ «ժամային անուշահոտության» խորամանկ համակարգը։ Բայց աշտարակի գլխավոր «ձայնը» շարունակում էին մնալ թմբուկները։ Ուղիղ 25 թմբուկ՝ մեկ մեծը՝ տարվա խորհրդանիշը, և 24 փոքրը՝ արևային եղանակների թվով։ Ցին հարստության ժամանակ ուղիղ երեկոյան 7-ին հնչում էր 13 հարված, և ժողովուրդը դա անվանում էր «ժամի սահմանում ժամացույցով», իսկ այդ ձայներով անգամ պաշտոնյաներն էին իրենց ժամերը ճշտում։ Այսօր ամբողջ հավաքածուից պահպանվել է միայն մեկ թմբուկ՝ պատրաստված ցլի կաշվից, մեկուկես մետր տրամագծով։ Այն, ասես, պատմության լուռ պահապանն է իր վերստեղծված եղբայրների մեջ։
Աշտարակն ինքը ավանդական ճարտարապետության գլուխգործոց է՝ գրեթե 47 մետր բարձրությամբ երկհարկանի փայտե շինություն՝ հզոր քարե հիմքի վրա։ Կարմիր պատեր, դեղին քառալանջ տանիք, կրկնակի քիվեր, կանաչ ջնարակով մոխրագույն կղմինդրներ… Առաջին հարկաբաժինը տպավորիչ քառակուսի տերաս է (55,5-ը 30 մետրի վրա, 4 մետր բարձրությամբ)՝ երեք կամարաձև մուտքով։ Նայելով նրան՝ հեշտ է հավատալ, որ այստեղ ժամանակն այլ կերպ է հոսում։
Բայց ամենահետաքրքիրը սկսվում է այն ժամանակ, երբ հայտնվում ես ներսում։ Առաջին հարկում կա ժամանակի չափմանհին եղանակների մի ամբողջ ցուցահանդես՝ արևային և ջրային ժամացույցներ, անուշահոտության համար նախատեսված սարքեր։ Իսկ հետո գալիս է հենց այդ պահը․ ամեն ժամ հնչում է թմբկահարության շոու։ Եվ հենց այստեղ է բացահայտվում այս վայրի իսկական կախարդանքը։ Մեր այցելության օրը աշտարակն ու շրջակայքը բառացիորեն եռում էին էներգիայից․ մարդկանց բազմությունը հոսում էր դեպի հարթակ, որպեսզի բաց չթողնի ներկայացումը։ Այստեղ միախառնվել էին մշակույթներն ու սերունդները․ տեսախցիկները պատրաստ վիճակում պահած օտարերկրացիներ, ամբողջ ընտանիքներով եկած չինացիներ՝ բոլորը քարացել էին սպասման մեջ։ Երբ առաջին հարվածները տարածվեցին հրապարակով, մարմնովս սարսուռ անցավ․ այդ ռիթմը կարծես միացնում էր մեզ նրանց հետ, ովքեր նույն այս ձայները լսել էին հարյուրավոր տարիներ առաջ։
Վերև բարձրանալը առանձին քվեսթ է․ կտրուկ աստիճանները իսկապես դիմացկունությունն են ստուգում, բայց տեսարանն արժե այդ ամենին։ Վերին հարկից բացվում է հին քաղաքի համայնապատկերը՝ ոլորապտույտ հուտուն-նրբանցքներ, տների տանիքներ, բոլորովին մոտ՝ Զանգակատան ուրվագիծը։ Թվում է՝ ձեռքդ մեկնես ու կդիպչես պատմությանը։
Իսկ ներքևում՝ երկու աշտարակների միջև, կյանքը բառացիորեն եռում է։ Այստեղ միշտ շարժում կա․ տարեց զույգերը դանդաղ պտտվում են պարելով, երիտասարդությունը խաղում է ավանդական խաղեր, երեխաները վազվզում են մեծահասակների միջև, իսկ փողոցային երաժիշտներն իրենց նոտաներն են ավելացնում այս քաղաքային նվագախմբին։ Օդը լցված է փողոցային ուտեստների բույրերով, ծիծաղով ու խոսակցություններով․ այստեղ անցյալը քարացած չէ քարի մեջ, այլ ապրում է, շնչում, ուրախանում մարդկանց հետ միասին։
1924 թվականին «թմբուկային ժամանակի» դարաշրջանը փոխարինվեց արևմտյան մեթոդներով, աշտարակը վերանվանվեց «Գիտակցված ամոթի աշտարակ» (Míngchǐlóu)։ Բայց, թվում է, այն չի նեղանում փոփոխություններից․ 1996 թվականից համալիրը պետական նշանակության օբյեկտ է, իսկ այսօր վերին հարկը ծառայում է Արևելյան շրջանի մշակույթի սրահ։ Եվ եթե հիմա ժամանակը հաշվում են թվային ժամացույցները, Թմբուկնորի աշտարակը, միևնույն է, շարունակում է թելադրել իր առանձնահատուկ ռիթմը՝ հիշեցնելով, որ պատմությունը միայն թվականներ ու փաստեր չեն, այլ կենդանի զգացումներ, ձայներ և մարդիկ, որոնք լսում են դրանք։
Պեկինից՝ Մարիա Ասատրյան