Իրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYT

Անցած ամիս հինգ օրվա ընթացքում Իրանը շարունակական հարվածներ էր հասցնում Հորդանանում գտնվող երեք ռազմաբազաներում տեղակայված ամերիկյան զորքերին՝ անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով փորձելով ճեղքել հակաօդային պաշտպանության համակարգը։ Հուլիսի 17-ին հրթիռներից մեկը խոցել էր այնտեղ գտնվող բնակելի շինությունները․ զոհվել էր երեք ամերիկացի զինծառայող, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

The New York Times-ը գրում է, որ այս հարձակումները ցույց են տվել երկու միտում։ Հակամարտության զարգացմանը զուգահեռ Իրանը կատարելագործում է իր մարտավարությունը՝ փորձելով շրջանցել ամերիկյան հակաօդային պաշտպանությունը, ընդլայնելով հարվածների աշխարհագրությունը եւ ապավինելով դաշնակիցներին, այդ թվում՝ Եմենում գործող հութիներին եւ Իրաքում գործող իրանամետ խմբավորումներին։

Միաժամանակ` Պենտագոնի հակահրթիռային հրթիռների պաշարները նվազում են, ինչը դրանք ավելի ու ավելի արժեքավոր ռեսուրս է դարձնում հակամարտության պարբերաբար վերսկսման պայմաններում։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ պատերազմի սկզբից ԱՄՆ-ը ծախսել է 1500 Patriot հրթիռ, մնացել է 1700-ը։ 2025 թվականին ԱՄՆ ռազմարդյունաբերությունը արտադրել է 600 նման հրթիռ։

Ըստ պարբերականի գնահատականի՝ Իրանը կրկնում է Ուկրաինայում Ռուսաստանի կիրառած մարտավարությունը. Համատեղում է տարբեր տեսակի հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր՝ հակաօդային պաշտպանության համակարգերը ծանրաբեռնելու եւ շեղելու համար։

«Իրանը արդյունավետորեն կիրառում է ռուսական մարտավարությունը՝ հակառակորդի տարածք ուղարկելով հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի մի ամբողջ շարք, որպեսզի դժվարացնի Պարսից ծոցի տարբեր հատվածներում անվտանգության ապահովումը»,- NYT-ին ասել է զրուցակիցը։

Բացի այդ, Պենտագոնի ներկայացուցիչների հետ զրույցներում Իրանից խոցած F-15E կործանիչի անձնակազմը պատմել է, որ ինքնապաշտպանության համակարգերը վտանգի մասին նախազգուշացրել է միայն հարվածից կես վայրկյան առաջ։

Ամերիկացի զինվորականները եզրակացրել են, որ անօդաչու թռչող սարքերը իրանցի հրամանատարներին փոխանցել են երեք առանցքային պարամետր, որոնք օգնել են նշանառել F-15E-ը՝ դրա GPS կոորդինատները, արագությունը եւ շարժման ուղղությունը, նշել է բարձրաստիճան զինվորականներից մեկը։

Երբ անցած ամիս Եմենի հութիները միացան պատերազմին, փորձագետները հայտարարեցին, որ դա ազդանշան էր. Իրանն ստիպում է ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին հետ մղել բոլոր ուղղություններից օդային հարձակումները։

 Եմենը Իրանից հարյուրավոր մղոն հեռավորության վրա է, ուշադրություն է հրավիրում NYT- ը։

Բացի այդ, փորձագետների տվյալներով՝ Իրանը ցրել է իր զորքերն ու ղեկավարությանը երկրի ողջ տարածքում գտնվող ապաստարաններում։

«Որտե՞ղ են նրանք։ Չի թվում, թե նրանք նստած են մի վայրում, որը կարելի է պարզապես ռմբակոծել։ Նրանց հնարավոր չէ գտնել»,- թերթի հետ զրույցում ասել է Ջոնս Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Վալի Նասրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *